«Փողի ուժով ինքն էդպես ազատ ման է գալիս». 3 տարով ազատազրկված բժշկուհին պատիժը կրում է բաց ռեժիմով
08:35, August 1, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրմավիրցի 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար 3 տարվա ազատազրկման դատապարտված, «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի նախկին վարիչ Անահիտ Պետրոսյանը պատիժը կրում է բաց ռեժիմով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած 4-ամյա Կարինեի տատիկը նշեց, որ վրդովված եւ զայրացած են, որ Անահիտ Պետրոսյանը ցերեկները քրեակատարողական հիմնարկից դուրս գալու հնարավորություն ունի:
«Ես ցավում եմ, որ նման տականքները գոյություն ունեն այս աշխարհում, որովհետեւ նրա պատճառով երկու ընտանիք կործանվեց, նրան մարդ կոչել չի կարելի: Ու այսօր փողի ուժով ինքն էդպես ազատ ման է գալիս… մենք չգիտեինք էլ, որ բաց ռեժիմով է կրում պատիժը, նրան 3 տարի էին տվել, որ նստեր, ոչ թե դուրս գար ցերեկները, հետո գնար կալանավայր: Տղաս է նրան միամիտ տեսել խանութից դուրս գալիս, պատկերացրեք տղուս վիճակը: Ցավում եմ, որ նրա նմանները մայր են կոչվում»,- ասաց երեխայի տատիկը՝ տիկին Կարինեն:
3 տարվա ազատազրկման դատապարտված բժշկուհու՝ պատիժը բաց ռեժիմով կրելու լուրը բարկացրել է նաեւ մահացած Էրիկի ընտանիքի անդամները: Մեզ հետ զրույցում Էրիկի մայրը՝ տիկին Լուսինեն, նշեց, որ իրենց շատ է անհանգստացնում Անահիտ Պետրոսյանի՝ ազատության մեջ լինելու հանգամանքը:
«Անահիտ Պետրոսյանն ազատության մեջ է եղել 14 օր, միայն իմ ահազանգից հետո նրան գտել են եւ տարել կալանավայր: Հիմա էլ բաց ռեժիմով է կրում պատիժը, տեղեկություններ ունենք, որ հավաքարարի աշխատանք է գտել, երկուշաբթիից ուրբաթ աշխատում է, հետո շաբաթ եւ կիրակի գնում է կալանավայր: Սա մեզ համար անթույլատրելի է ուղղակի»,- ասաց մահացած փոքրիկի մայրը:
Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ յուրաքանչյուր երեխայի մասով դատապարտել 2 տարվա ազատազրկման, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը: Կողմերը որոշումը բողոքարկել էին, սակայն եւ Վերաքննիչը, եւ Վճռաբեկը, անփոփոխ են թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:
Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:
Նշենք, որ ջրաշենցի Կարինեն հիվանդանոց էր ընդունվել 2015թ. հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Նորապատցի Էրիկը 2015թ. հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մոր խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել: