Վ. Բաղդասարյանը խոստովանում է, որ իշխող ՀՀԿ-ն պատասխանատվություն կրում է բոլոր ապօրինությունների համար
18:28, January 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հանդես եկավ պատասխան հայտարարությամբ «Նոր Հայաստանի» տարածած այն մտահոգությանը, որով անդրադառնալով ՀԽ անդամների նկատմամբ իրականացված «ոստիկանական բռնություններին»՝ հայտարարում էր, որ եթե պետությունն ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացուն, ապա «առնվազն չի խոչընդոտում տվյալ քաղաքացիների կողմից բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ զենքով ինքնապաշտպանությանը»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ պետք է մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր զենքով ինքնապաշտպանվելու մասին հայտարարություններ են անում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր հերթին անդրադառնում է Վ. Բաղդասարյանի՝ «մեկուսացնելու մասին» հայտարարությանը՝ կասկածներ հայտնելով, որ Վահրամ Բաղդասարյանն, ըստ էության, ընկալել է իր իսկ հայտարարությունների իմաստը:
«Եթե դա ասեր ոչ թե Վահրամ Բաղդասարյանը, այլ Արմեն Ռուստամյանը, ով նմանակերպ արտահայտվեց ապրիլի 24-ից առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ, ես դա կհամարեի որպես գիտակցված հայտարարություն: Այն ժամանակ այդպես էլ ընկալվեց, լուրջ քննադատվեց եւ համապատասխան գնահատական ստացավ, որ փաստորեն ԱԺ պատգամավորն իրեն թույլ է տալիս, ըստ էության, իրավապահ մարմինների գործառույթներ վերապահել»:
Ըստ Սաքունցի՝ պարզապես Վահրամ Բաղդասարյանի կողմից փորձ է արվել կրկնել այդ հայտարարությունը: Հակառակ դեպքում, եթե Վահրամ Բաղդասարյանը ոչ թե մեխանիկորեն կրկնողի դերում է, այլ իսկապես նման կերպ մտածում ու հայտարարություն է անում, սա, ըստ Սաքունցի, նշանակում է, որ Վ. Բաղդասարյանը խոստովանում է, որ իշխող ՀՀԿ-ն պատասխանատվություն կրում է բոլոր այն ապօրինությունների համար, որ իրավապահ մարմիններն իրականացրել կամ իրականացնում են դեկտեմբերի 31-ի գիշերը եւ նաեւ դրանից հետո:
Ըստ էության, պետք է համարենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեծամասնության ղեկավարը հրապարակային ապօրինության կոչ է անում: Նաեւ ղեկավարող քաղաքական ուժ է, եւ իրավապահների ապօրինությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է այդ կուսակցությունը:
«Ոչ թե խոսում են բռնություն կատարողների վարքից կամ փորձում են գնահատական տալ բռնությանը, այլ փորձում են որակումներ տալ պաշտպանվողին բռնություններից: Սա ուղղակի վկայում է այն մասին, որ հանրային մտածողության մեջ փորձում են հիմնավորել այն, որ զոհը պետք է մնա զոհի դերում, իսկ բռնություն կատարողը պետք է մնա անպատիժ: Իսկ դա արտահայտում է ամբողջ ՀՀԿ-ի գործունեության փիլիսոփայությունը, որ կարող են անպատիժ լինելու պարագայում գոյատեւել, իսկ երբ փորձում է հանրությունը պաշտպանվել, դա համարում են ընդվզում: Նման մոտեցումները, կներեք, ոչ թե քաղաքական կամ քաղաքագիտական վերլուծության հարց է, այլ հոգեբանական կամ հոգեբուժության բնագավառի»,- ասաց իրավապաշտպանը: