Ակտիվիստներին առեւանգելու ու ծեծելու դեպքերի մասին կհայտնեն միջազգային կառույցներին
16:38, February 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, բռնությունը Հայաստանում դարձել է հարցերի լուծման, խնդիրների նկատմամբ վերաբերմունքի արտահայտման միակ միջոցը:
«Բռնությունները՝ որպես վերաբերմունքի ձեւ, սովորական երեւույթ են դարձել ու պարբերաբար կրկնվում են: Արդեն կապ չունի քաղաքական պատկանելությունը, զբաղմունքը, սեռն ու սոցիալական դրությունը: Բռնությունները անընդհատ կրկնվում են, որովհետեւ համակարգի բնորոշ հատկությունը անպատժելիությունն է, բռնությունները կամ չեն բացահայտվում, կոծկվում են կամ բռնություն կիրառող անձինք մնում են անպատիժ: Անցած տարվանից սկսվեց բռնությունների շարան Նախախորհրդարանի անդամների նկատմամբ, հիմա շարունակվում է շրջանառության հարկի մասին օրենքից բողոքողների նկատմամբ:
Չեմ էլ ուզում խորանալ, թե ում կողմից կարող է արված լինել, բայց հետաքրքիր է, որ Արտակ Խաչատրյանի բռնության հետքով ՄԻՊ ներկայացուցիչները իրենց փնտրման աշխատանքները սկսեցին իրավապահ մարմիններից հարցումներ իրականացնելու ճանապարհով, առաջին հնարավոր կասկածյալ կառույցները իրավապահներն էին: Իհարկե, նրանք հայտնեցին, որ տեղյակ չեն ու բերման չեն ենթարկել, բայց իրավապահների գործողությունները միայն բերման ենթարկելով չեն սահմանափակվում: Կարող են բերման չենթարկել, բայց տանել մեկ այլ տեղ, բռնության ենթարկել, թողնել անօգնական ու գնալ, ինչպես Արտակի դեպքում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա, առանց պետհամարանիշների մեքենայով, դիմակավորված, օրը ցերեկով նման քայլ կատարելու գնացող մարդը չի կարող նման գործողություններ կատարել, եթե վստահ չլինի, որ մնալու է անպատիժ. «Իսկ անպատժելիության հնարավորություն կարող է ունենալ միայն իշխանության կողմից հովանավորյալը: Կասկածներ ունեմ, որ Բերձորում կատարվածի համար պատասխանատուները կպատժվեն, ակտիվիստներին ծեծի ենթարկած անձինք կբացահայտվեն: Բռնությունների շարանը, իմ համոզմամբ, հանրության նկատմամբ ահաբեկչություն է, վախի մթնոլորտը այն մոտեցումն է, որի միջոցով ցանկանում են իրավիճակը կառավարելի դարձնել, որովհետեւ չեն կարողանում քաղաքացիական անհնազանդության միջոցով բարձրացված հարցերի պատասխաններն ու լուծումները տալ, միակ միջոցը մնում է բռնությունը»:
Պարոն Սաքունցի խոսքով, իրավապաշտպանները վերջին շրջանի բռնությունները բարձրաձայնելու են եւ երկրի ներսում եւ միջազգային ատյաններում, որոնց անդամակցում է Հայաստանը. «Մտահոգությունը ոչ միայն այդ բռնությունների արձանագրումն է, այլ դրանից հետո կարողությունը դրանց պատասխան տալու թե երկրի ներսում, թե երկրի դրսում: Ունենք ոչ պատասխանատու, ոչ ադեկվատ ու անգործունակ իշխանություն, որը ի վիճակի չի լինելու այդ հարցերին պատասխանել»:
Աղբյուրը՝ www.aravot.am