ՀՀ գլխավոր դատախազությունը մերժեց Փնջիկ Թերոյանի գործով ներկայացված հերթական բողոքը
12:29, March 10, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել էինք, 2015 թ. հունվարի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպություն իր իրավունքների պաշտպանության հարցով դիմած Փնջիկ Թերոյանի գործով ևս մեկ անգամ դիմում-բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջով վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ քրեական հետապնդումը չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Հիշեցնենք, որ 2014 թ. օգոստոսի 2-ին իր իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակչուհի Փնջիկ Թերոյանը, ով հայտնել էր, որ 2012 թ. ապրիլի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանւթյուն: Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ: Փ. Թերոյանը հայտնել է, որ իրականացված քննչական գործողությունների ժամանակ քննիչի կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ, մասնավորապես քննչական գործողություններում որպես ընթերականեր ընդգրկվել են ոստիկանության աշխատակից և գոյություն չունեցող անձինք:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. հունվարի 22-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-բողոքին ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազությունից 2015 թ. փետրվարի 17-ին ստացված պատասխան գրությունից տեղեկանում ենք, որ արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդ. Արամյանը կայացրել է որոշում, որով մերժել է կազմակերպության կողմից ներկայացված բողոքը՝ այն անհիմն լինելու պատճառաբանությամբ և հաստատել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունը:
Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազությունն անտեսեց ՀՀ քաղաքացու բողոքը, քննչական գործողություններին մասնակցած ընթերակաների կեղծ լինելն ապացուցող բոլոր փաստերը, որոնք ներկայացվել էին ոչ միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բողոքներով, այլ նաև Փնջիկ Թերոյանի կողմից` ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ մի քանի օր շարունակ իրականացված հացադուլի ժամանակ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է քննիչի որոշումը բողոքարկել դատարանում: