Արթուր Սաքունց. Այս պահին Ավետիսյանների իրավահաջորդների եւ Կոստանյանի հանդիպման մեջ իմաստ չեմ տեսնում
12:31, March 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատրաստակամություն էր հայտնել ուրբաթ օրը՝ մարտի 13-ին ընդունել Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով նաեւ Ավետիսյանների ընտանիքի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից մեկն է, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Կոստանյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում. «Կոստանյանը՝ որպես դատախազ, պետք է գործողություններ կատարեր, իսկ այն գործողությունները, որոնք պարտավոր էր կատարել, չի կատարել»:
Արթուր Սաքունցն ասաց, որ Ավետիսյանների իրավահաջորդներն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը չունեն. «Իրենց հիմնական հարցը Պերմյակովին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությանը փոխանցելն էր, եթե հիմա Կոստանյանը այդ ուղղությամբ գործողություն չի կատարել, ապա այս հանդիպման իմաստը գուցե ինչ-որ բացատրություններ, մեկնաբանություններ տալն է: Իրապես, մենք կարիք ունեինք ոչ թե գլխավոր դատախազի կողմից մեկնաբանությունների կամ բացատրությունների, այլ՝ գործողությունների: Հիմա մարդիկ ուզում են անմիջապես լսել, դա իրենց գործն է: Եթե ամեն քրեական գործով այդ ձեւով հանդիպումներ լինեն, բա քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտավորությունները ո՞վ է կատարելու»:
Աղբյուրը՝ www.aravot.am