Դատարանն արձանագրում է՝ վարույթն իրականացնող մարմինը խախտել է տուժողի իրավահաջորդի իրավունքները
11:03, April 10, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Էլեն ՓարսադանյանԻնչպես արդեն տեղեկացրել էինք, 2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը: Այդ որոշմամբ դատարանը բավարարեց Լուսինե Փարսադանյանի ներկայացուցիչներ Անի Չատինյանի և Արայիկ Զալյանի կողմից ներկայացված՝ ՀՀ Արաբկիր քննչական բաժնի քննիչ Գ. Գենջոյանի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2014 թ. հունիսի 30-ի որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու մասին բողոքը:
Այժմ Ձեզ ենք ներկայացնում դատարանի կողմից կայացված որոշումն ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ նրա մոր՝ Լուսինե Փարսադանյանի հաղորդման հիման վրա կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որի բողոքարկման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա. Մկրտչյանի, 2014 թ. հունվարի 31-ին կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և գործը նախաքննության մարմնին վերադարձնելու մասին որոշում: Դատարանի հիշյալ որոշման հիման վրա 2014 թ. փետրվարի 5-ին հարուցվել էր քրեական գործ, սակայն քրեական գործի վարույթը կարճելու մասին 2014 թ. հունիսի 30-ի որոշման կայացմամբ գործի նախաքննությունն ավարտվել էր: