Օրենսդրական բացեր, թե՞ ֆինանսական ոչ բավարար միջոցներ
18:00, April 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՀայաստանի զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժօգնությունն արտերկրում ապահովելու համար կա երկու հիմնական խնդիր. օրենսդրական կարգավորումների բացակայությունն ու բավականաչափ ֆինանսական միջոցներ չունենալը:
Այսօր «Մեդիա կենտրոնի» քննարկմանը մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ապահովում է բոլոր դրամական միջոցները այն զինծառայողների համար, ովքեր ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ և կարիք ունեն բուժման Հայաստանի տարածքում:
«Հայաստանից դուրս օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս, որպեսզի ՊՆ-ն որևէ պարտավորություն ստանձնի այդ զինծառայողի բուժումը իրականացնելու համար: Երկրորդ՝ մենք գիտենք, որ արտասահմանյան կլինիկաներում բուժումները շատ թանկ արժեն, և ցավոք, նախարարությունը համապատասխան դրամական միջոցներ չունի, որ տրամադրի, քանի որ տարեկան տասնյակ վիրավորներ ենք ունենում, որոնց համար ՀՀ տարածքում պետք է բուժում իրականացնենք, շատերի համար անգամ մշտական և ընթացիկ սպասարկում»,-ասում է Հովհաննսիյանը:
Նա հավելում է, որ երբեմն եղել են դեպքեր, որ վիրավորված զինծառայողի բուժումն արտերկրում ապահովելու համար ՊՆ-ն մասնակի օգնել է ՝ հատկացնելով որոշակի չափով գումար, բայց դրանք եղել են եզակի դեպքեր:
Հիշեցնենք, որ վերջերս սոցիալական ցանցերում տարածվել էր հայտարարություն, որի շրջանակում հանրությունից ֆինանսական օգնություն էին հայցում 23-ամյա նախկին զինծառայող Գևորգ Եղիազարյանի համար, ով 4 տարի առաջ վիրավորվել էր հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանկան կողմի գնդակից: Գևորգն արդեն 4 տարի է հենաշարժողական խնդիրներ ունի և Իսրայելում բուժում ստանալու համար նրան անհրաժեշտ է 56 հազար դոլար գումար:
Մինչդեռ նախարարությունը ի սկզբանե հայտատարել էր, որ չունի այդքան ֆինանսական միջոցներ Գևորգի բուժումն Իսրայելում իրականացնելու համար:
Արմինե Սադիկյանը ասում է, որ Գևորգի պատմությունը առաջին դեպքը չէ:
«Ուղղակի ասել, որ մենք գումարներ չունենք, և տվյալ հիվանդության բուժումը բավականին թանկ է, դա չի վերցնում նախարարության վրայից այն պատասխանատվությունը, որը նա ունի զինվորների առջև: Որովհետև ծնողը ասում է՝ ես առողջ երեխա եմ տվել, ոնց ուզում եք բուժեք: Այստեղ կա նաև օրենսդրական խնդիր, որը պետք փոփոխության ենթարկվի կառավարության որոշումներով և այդ օրենսդրական փոփոխությունների առաջարկով հենց պետք է հանդես գա նախարարությունը: Մյուս կողմից, եթե տարիների փորձը ցույց է տալիս, որ կան նման դեպքեր, ապա նախարարությունը պետք է այդ դինամիկայի հիման վրա գոնե այդ նվազագույնը պլանավորի վիրավորված զինծառայողների բուժումը դրսում կազմակերպելու համար»,-նշում է Սադիկյանը:
Նշենք, որ ենթաօրենսդրական փոփոխությունը վերաբերում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքին:
Ըստ Սադիկյանի ներկայացրած տվյալների՝ 2011-2014-ին Վանաձորի ՀՔԱ է դիմել 41 առողջական խնդիրներով զինծառայող, որոնց մի մասը կարիք է ունեցել արտասահմանում բուժում ստանալու:
«Մենք ունենաք նաև զորակոչվելուց առաջ պատճաշ բուժզննում իրականացնելու խնդիր: Բուժզննումը անարդարցի են անում և այդպես զորակոչում բանակ: 2013-ին նման դեպքով մեզ 9 զինծառայող է դիմել, ովքեր համաձայն չէին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման հետ և միայն մեր միջամտությունից հետո, նրանցից չորսին ազատեցին: Նման դեպքերում զինծառայողին պահում են այնքան ժամանակ, որ նրա զորացրմանը մնում է արդեն մի քանի ամիս: Բայց չէ որ այդ պատճաշ բուզննում չիրականացնելու դեպքերն էլ հաճախ զինծառայողների մոտ հանգեցնում ենայս ծանր առողջական խնդիրներին»,-հավելում է Սադիկյանը:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն 2014-ին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կայացրած որոշումների համաձայն ունեցել է 1254 բողոք, որոնցից 102-ի դեպքում փոփոխության է ենթարկվել նախնական որոշումը:
«Սա խոսում է այն մասին, որ նախնական որոշումը լիարժեք չի եղել: 2014-ին, ըստ ՄԻՊ-ի զեկույցում առկա տվյալների, 67 զինծառայող վաղաժամ ազատվել է ծառայությունից: 2013-ին մեզ մոտ եղել է 728 բողոք, իսկ օրինակ՝ 2011-ին 500 զինծառայող զորացրվել է առողջական վիճակի հետ կապված: Այսինքն սա ցույց է տալիս, թե ինչպիսին է պետության մոտեցումը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների նկատմամբ»,-ասում է Արտաշես Սերգոյանը:
Հովհաննիսյանը հակադարձում է ՀԿ-ների ներկայացուցիչների բերած տվյլաներին և նշում, որ ամեն տարի սահմանին ուժեղացող մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների թիվը ավելանում է:
«Մեր բոլոր զոհերը 99 տոկսով ուղիղ կապ ունեն պատերազմի և հակառակորդի ազդեցության հետ: Մենք չունենք խաղաղ պայմաններում զոհեր, եթե ուզում եք հստակ կատեգորիան սահմանել, ապա կարող եք ասել, որ ունենք հակառակորդի կրակից, կամ ոչ հակառակորդի կրակից զոհեր, կամ վիրավորներ: Բայց մեր վիրավորների և զոհերի մեծ մասը հակառակորդի ազդեցության հետ ուղիղ կապ ունեն: Սակայն դա չի նշանակում, որ նախարարությունը պատասխանատվությունը իր վրայից գցում է»,-ասում է Հովհաննիսյանը:
Հղում կատարելով պաշտոնական տվյալներին՝ նա նշում է, որ 2013-ի համեմատ 60 տոկոսով կարգապահական խնդիրների և դրան հետևանքով տեղի ունեցած սպանության և ինքնասպանության դեպքերը նվազել են զինված ուժերում:
«Իսկ Gallup-ի կատարած վերջին հետազոտության համաձայն բնակչության 86 տոկոս վստահում է բանակին»:
Սադիկյանը հակադարձում է նախարարության ներկայացուցիչին՝ նշելով, որ վիրավորման դեպքերը ճիշտ չէ անխտիր վերագրել հրադադարի ռեժիմի խախտումներին:
Վանաձորի ՀՔԱ-ի արձանագրած տվյալների համաձայն՝ 2010-ից զինված ուժերում մահացության դեպքերի ընդամենը 25 տոկոսն է կապված եղել հրադադարի ռեժիմի խախտման հետ:
«Մնացած բոլոր դեպքերը եղել են ներքին կանոնադրային հարաբերությունների, մարտական կանոնների խախտման, կամ առողջական խնդիրների հետևանքով: Միայն 2014-ի կեսից հետո, երբ սահմանին լարվածությունը մեծացավ, այդ դեպքերի թիվը հասավ 50-ի»,-նշեց Սադիկյանը:
Քննարկման վերջում ՀԿ-ների ներկայացուցիչները հանդես եկան մի քանի առաջարկներով վիրավորված զինծառայողների բուժսպասարկման խնդիրների հասանելիության և բարելավվման ուղղությամբ՝ առաջինը մատնանշելով օրեսնդրական փոփոխությունները արտասահմանում բուժում ապահովելու համար:
«Մենք առաջարկում ենք նաև, որ զորակոչից առաջ համալիր բուժզննում անցկացնելուց բացի պարտադիր բուժզննում անցկացնեն զորացրումից առաջ, որպեսզի գնահատեն զինծառայողի առողջական վիճակը զինծառայությունից առաջ և հետո: Այստեղ շատ հստակ կերևա այդ դինամիկան»,-հավելեց Սադիկյանը:
ՊՆ ներկայացուցիչը եզրափակեց քննարկումը՝ նշելով, որ նման կառուցողական առաջարկների համար նախարարությունը միշտ պատրաստ է գնալ քննարկումների:
Քննարկման ամբողջական տեսագրությունը՝այստեղ
Աղբյուրը՝ www.media-center.am