Դատախազը չէր ներկայացել «Էլեկտրիկ Երևանի» մասնակցի բողոքի քննությանը
10:33, April 10, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. ապրիլի 7-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննությունը:
Դատական նիստը կայացավ Մ. Կիրակոսյանի, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի և վարույթն իրականացրած ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի մասնակցությամբ: Բողոքի քննությանը չէր ներկայացել վերահսկող դատախազը:
Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը բողոքի քննությունը շարունակեց դատախազի բացակայությամբ:
Բողոքաբերի ներկայացուցիչը պնդեց բողոքը՝ նշելով, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը հիմնավոր չէ և հանգեցնում է գործով տուժող ճանաչված Մ. Կիրակոսյանի իրավունքների և ազատությունների խախտմանը և պահանջեց վերացնել խախտումները: Բողոքով հիմնավորումներ էին ներկայացվել հավաքն անհիմն դադարեցնելու, անհամաչափ ֆիզիկական ուժ գործադրելու, ազատությունն անհիմն սահմանափակելու, նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց ցուցմուքները համապատասխանեցնելու հնարավորությունը կանխելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու ուղղությամբ համապատասխան գործողություններ չկատարելու վերաբերյալ:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանն առարկեց ներկայացված բողոքի դեմ:
Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը, որից հետո կողմերին ամփոփիչ խոսքով հանդես գալու հնարավորություն տալու և դատախազին ևս մեկ անգամ ծանուցելու նպատակով բողոքի քննությունը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը կկայանա 2017 թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին: