Ոչ թալանին գաղափարը նպաստեց հանրային հարթակի կայացմանը
16:24, July 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի հարցերին պատասխանում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, երեկվա հանրահավաքում հայտարարվեց, որ պայքարի շրջանակներում հասարակական կազմակերպություն է ստեղծվելու, որի առաքելությունը կլինի կոռուպցիայի դեմ պայքարը, պատասխանատվության ինստիտուտի զարգացումը և համակարգային բարեփոխումները: Սա ի՞նչ արդյունք կարող է տալ, և ընդհանրապես պայքարն ի՞նչ փուլում է:
Ես չեմ ուզում որևէ գնահատական տալ հասարակական կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ որոշմանը, որովհետև դա նախաձեռնողների որոշելիքն է, իրենք են որոշում, թե ինչ քայլեր կատարեն: Ես արձանագրում եմ, որ երեկվա հանրահավաքն ապացուցեց հետևյալը՝ նախ դժգոհությունն այն իրավիճակի նկատմամբ, որում գտնվում ենք, չի մարել: Երկրորդը, ուժի մեջ են իրավիճակը փոխելու պահանջները, բայց առայժմ դեռ չեն գտնվել այդ պահանջները ձևակերպելու և առավել արդյունավետ իրականացնելու ուղիները, բայց դա չպետք է հիասթափեցնի: Եթե մենք դիտարկենք «Ոչ թալանին» նախաձեռնության շրջանակներում սկզբից մինչ այսօր տեղի ունեցած գործընթացները, ապա կտեսնենք, որ գոյություն ունի մի հարթակ, որտեղ ժամանակի ընթացքում տարբեր խմբեր հանդես են գալիս, տարբեր մարդիկ ինչ-որ հատվածում դառնում են պատասխանատուներ, չկան մշտական առաջնորդներ, այլ կա մշտական գործող հարթակ: Եվ այդ պրոցեսը կշարունակվի այնքան, մինչև որ այդ հարթակում հավաքված մարդիկ, ովքեր հստակ պատկերացում ունեն գոյություն ունեցող խնդիրների պատճառների վերաբերյալ և շատ գրագետ կարող են ձևակերպել խնդիրները, հերթական խմբի կամ մարդկանց կողմից ստանան իրենց ակնկալիքների ձևակերպումներ և գործողություններին ուղղված քայլեր: Կարծում եմ՝ դա անպայման լինելու է, և այն ժամանակ արդեն մարդկանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Այսինքն՝ ինձ համար ավելի կարևոր էր գործընթացը, որը տեղի է ունենում, որ ՀՀ-ում ձևավորված է մի ֆորում, տարածք, որտեղ ժամանակի ընթացքում տարբեր մարդիկ՝ իրենց մեկնաբանություններով ու ելույթներով ներկայացնում են իրավիճակը: Իսկ թե ինչքանով մարդկանց քանակը մեծ կլինի և ինչքանով դա որևէ ազդեցություն կունենա, պայմանավորված է այն ձևակերպումներով, որոնք դեռ պետք է կատարվեն այդ նույն տարածքում՝ և խնդիրների, և դրանց լուծման համար տեսանելի գործողությունների ներկայացման տեսակետից, որոնք մարդկանց կմղեն շատ ավելի ակտիվ գործողությունների:
Երեկվա հանրահավաքի մասնակիցները թիվն ակնհայտ քիչ էր գնահատականներ են հնչում, որ այս շարժումը մարում է:
Ամենասկզբի բուռն պրոցեսի համեմատ, իհարկե, մարդկանց թիվը քիչ էր: Սա նոր երևույթ է, չկա այս շարժման մեջ մեկընդմիշտ ֆիքսված պատասխանատուների խումբ: Իր ուժեղ կողմը հանդիսանում է հենց հարթակից խոսողների անընդհատ փոփոխությունը: Սա շատ կարևոր և ուժեղ կողմ է: Իհարկե, ինքն ունի նաև թույլ կողմ, որ հաջորդականության հարց չի լուծվում, բայց ինքը պրոցես է, որը կոչվում է՝ անհամաձայնություն գոյություն ունեցող իրավիճակին, անհամաձայնություն այն քայլերին, որոնք արվում են իշխանությունների կողմից և նաև պատասխանատավության զգացում, որ իրենք պատրաստ են պատասխանատվություն վերցնելու: Կարող են բոլորովին այլ մարդիկ ի հայտ գալ և նրանք նոր օրակարգ առաջարկեն, այսինքն՝ օրակարգի հստակեցման գործընթացը գնում է: Նման իրավիճակում քանակն արդեն էական նշանակություն չունի, որովհետև այն քանակը կա, որը բավարար է օրակարգի մշակման գործընթաց ապահովելու համար: Բայց, երբ օրակարգն ու գործողությունները հստակեցվեն, վստահ եմ, որ մարդկանց քանակն ավելի է մեծանալու:
Երեկ Ազատության հրապարակում նոր պահանջներ առաջ քաշվեցին, որոնցից է նաև այն, որպիսզի Գլխավոր դատախազությունը քննություն սկսի ՀԷՑ-ում: Ի՞նչ արդյունք կտան նոր պահանջները:
Դա շատ կարևոր է, դա փաստում է, որ օրակարգում անընդհատ նորանոր մտքեր ու առաջարկություններ են ձևավորվում: Մինչև հիմա կոռուպցիոն հանցագործության քննության պահանջը որպես այդպիսին դրված չէր: Ավելի շատ դրված էր հետևանքը վերացնելու, քան դրան հանգեցրած պատճառները վերացնելու հարցը: Առողջ ու բավական հետաքրքիր պորցես է ընթանում, ինքը մշտական գործող ֆորում է և միայն կոնկրետ անձանցով պայմանավորված չէ, կարող է վաղը չէ մյուս օրը բոլորովին նոր նախաձեռնություն ի հայտ գա: Բայց այդ ամբողջ նախաձեռնություններն ու քայլերն այդ տարածքում են տեղավորված և այդ տարածքի հարթակով են իրականացվելու:
Այն հարցադրումները, որ եթե պահանջները չկատարվեն, դրան կհետևեն նոր պահանջներ, օրինակ հրաժարականների պահանջը, դա բավական առողջ տրամաբանության մասին է վկայում, որ գոյություն ունի: Առաջին հայացքից թվում է, թե գործընթացն անկազմակերպ է, բայց ինքը շատ առողջ գործընթաց է և շատ տրամաբանված ու պատասխանատու, որն այսքան ժամանակ հետո Հայաստանում ձևավորվել է: Ըստ էության, «Ոչ թալանին» ձևակերպումը հեղինակային պատկանելություն չունի, դա քաղաքական ամբողջացումն է այն իրավիճակի, որը Հայաստանում գոյություն ունի, որովհետև թալանվում է բյուջեն, թալանվում են երկրի հարստությունները, ընդհանրապես թալանվում է երկրի ապագան: Այդ թալանն ինքը խորհրդանշական ձևակերպումն է այն իրավիճակի, որը գոյություն ունի: Այս շարժումը շատ կարևոր արձանագրումներ կատարեց և նաև փորձում է քայլեր կատարել:
Այս օրերին ակտիվիստներն ահազանգում են, որ ոստիկանները տարբեր պատճառաբանություններով այցելում են իրենց, սպառնում, հորդորում չմասնակցել ակցիաներին, ինչպե՞ս եք գնահատում այս գործելաոճը:
Դա գնահատում եմ որպես իշխանության բռնապետական բնույթի վարքագիծ, որովհետև քաղաքացիների ու նրանց կարծիքի արտահայտման դեմ ճնշման գործողություն է, որն ուղղված է կասեցնելու կամ սահամափակելու քաղաքացիական ակտիվությունը: Ըստ էության, դա հանցագործություն է, իշխանությունը նման լեզվով չպետք է խոսի: Իշխանություններն իրական քայլեր չեն կատարում, իրենց մնում են միայն ուժային մեթոդները՝ վախեցնելը, ճնշելը, բայց դա դատապարտված է անհաջողության:
Աղբյուրը՝ www.lragir.am