Ռուստամ Ղազարյանի գործով նշանակվեց դատաքննություն
16:52, October 10, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի, տեղի ունեցավ <<Ռուստամ Ղազարյանը՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի>> գործով հերթական նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ նախնական դատական նիստը հետաձգվել էր հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի միջնորդությամբ ներկայացված փաստաթղթերի բնօրինակներն ստանալու և պատասխանող կողմին հետադարձ ծանուցմամբ ծանուցագիր ուղարկելու նպատակով:
Գործով պատասխանող ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչը, չնայած նրան, որ պատշաճ կերպով ծանուցվել էր Դատարանի կողմից, դատական նիստին չէր ներկայացել: Հայցվորի երկայացուցիչ Տ. Սիրադեղյանը չառարկեց դատական նիստը վերջինիս բացակայությամբ անցկացնելու դեմ:
Նախորդ դատական նիստին միջնորդությամբ պահանջված փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին Դատարան, տրամադրվեցին հայցվորի ներկայացուցչին՝ ծանոթացման նպատակով և հրապարակվեցին դատական նիստի ընթացքում:
Վերոնշյալ փաստաթղթերով պարզ դարձավ, որ Ռ. Ղազարյանը ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ում հաշվառված լինելու մասին իմացել է հաշվառման վերցվելուց շուրջ մեկ տարի անց՝ 2014 թ. մայիսին և նույն ամսի 19-ին առաջին անգամ այցելել է Կենտրոն՝ իրեն հաշվառումից հանելու պահանջով:
Փաստաթղթերի հետազոտումից հետո հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նշեց, որ գործով որևէ այլ ապացույց կամ հայտարարություն չունի և գտավ, որ Դատարանը կարող է անցնել դատաքննության:
Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը գործը համարեց Դատաքննությանը նախապատրաստած: Դատաքննությունը նշանակվեց 2015 թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ին: