ՀՀ Սահմանադրական դատարանը կքննի Վարուժան Ավետիսյանի դիմումը
18:23, October 10, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Սահմանադրական դատարանում կքննվի Վարուժան Ավետիսյանի դիմումի հիման վրա ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Հիշեցնենք, որ 2016 թ. փետրվարի 26-ին անցկացվելիք հավաքի վերաբերյալ Վարուժան Ավետիսյանի իրազեկման առնչությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյանը իր որոշմամբ սահմանափակել էր հավաքի անցկացման ժամանակահատվածը և արգելել վրանների տեղադրումը հավաքի վայրում:
Որոշման դեմ՝ Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը մերժելու վերաբերյալ վճռի եզրափակիչ մասում, համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի, նշվել էր, որ «Սույն վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Որով Վարուժան Ավետիսյանը զրկվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իր իրավունքից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վարուժան Ավետիսյանը և վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը 2016 թ. հունիսի 6-ին դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը որոշելու հարցով:
2016 թ. հունիսի 21-ի որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել դիմումը: