Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացված հայցի քննությունը կշարունակվի
18:53, October 10, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Ավագյանի, կայացավ «Արմինե Թանգիյանը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի» գործով առաջին նախնական դատական նիստը: Սույն հայցով Ա. Թանգիյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ իր 2016 թ. հունիսի 2-ի դիմումի հիման վրա վարչական վարույթ չհարուցելու, չիրականացնելու և վարչական ակտ չկայացնելու գործողությունները:
Նախնական դատական նիստը կայացավ հայցվոր Ա. Թանգիյանի, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Կիրակոսյանի մասնակցությամբ:
Նախնական դատական նիստի ընթացքում, ներկայացնելով հայցի առարկան ու հիմքերը, Տ. Սիրադեղյանը նշեց, որ հայցվորը բնակվում է Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի 31 շենք 3-րդ բնակարանում: 2016 թ. հունիսի 2-ին նա դիմում է ներկայացրել Երևան քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ նշված շենքի առաջին և նկուղային հարկերում գործող «Սպորտ Փաբի» կողմից 2016 թ. մայիսի 30-ին, առանց համապատասխան թույլտվության, բացօթյա ծառայություններ մատուցելու և 24:00-ից հետո աշխատելու դեպքերի առթիվ վարչական վարույթ հարուցելու ու պատասխանատվության միջոցներ կիրառելու պահանջով, սակայն Երևանի քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերել՝ դրանով իսկ խախտելով հայցվորի իրավունքները: Մասնավորապես, ըստ հայցվոր կողմի, Երևանի քաղաքապետարանը պատշաճ վարչարարություն չի իրականացրել, չի հարուցել վարչական վարույթ, չի իրականացրել վարչական վարույթ, որն էլ պետք է եզրափակվեր վարչական ակտի ընդունմամբ: Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց նաև հայցի քննության ընթացքում կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը:
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ա. Կիրակոսյանը նշեց, որ առարկում է ներկայացված հայցադիմումի դեմ, քանի որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Սպորտ Փաբը» 24:00-ից հետո չի աշխատում և բացօթյա ծառայություններ չի մատուցում, որը հիմնավորվել է նաև ՀՀ Ոստիկանության կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում:
Դատարանի հարցերին ի պատասխան Ա. Թանգիյանը հայտնեց, որ «Սպորտ Փաբը» պարբերաբար աշխատում է 24:00-ից հետո և նաև բացօթյա ծառայություններ է մատուցում՝ չնայած համապատասխան թույլտվությունների բացակայությանը:
Դատարանը պարտավորեցրեց կողմերին դատարան ներկայացնել գործի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես, հայցվոր կողմին պարտավորեցրեց դատարան ներկայացնել հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկից բացակայող էլեկտրոնային կրիչը, գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր, իսկ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ դիմումի հիման վրա իրականացված վարույթի նյութերը: Միաժամանակ, դատարանը որոշեց սույն գործով որպես երրորդ անձ ճանաչել «Գարհար» ՍՊԸ-ին, որի կողմից շահագործվում է «Սպորտ Փաբը»:
Այդպիսով՝ նախնական դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ևս մեկ նախնական դատական նիստ, որի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ: