ՌԴ դեսպանատունն ամբողջ ուժով գործի դրեց 5-րդ էշելոնը
00:04, October 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԸնտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագծի շուրջ ստեղծված զարգացումների վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
Պարոն Սաքունց, մի խումբ մարդիկ այս օրենսդրության դեմ են հանդես գալիս, ի՞նչ է տեղի ունենում:
Նախագծի հանրային քննարկման ժամանակ Արդարադատության նախարարի ու Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շատ հստակ ներկայացվեց ընտանեկան բռնության պատկերը: Իրապես այդ խնդիրը կա մեր հասարակությունում, ոչ միայն մտահոգիչ թվեր կան, այլ նաև խնդիրները բավական շատ են: Այդ խնդիրների լուծման համար իրավական գործիքներն են բացակայում: Հետաքրքիր է, որ նախագծի ընդդիմախոսները ևս իրենց ելույթում նշեցին հանցագործությունների վիճակագրություն, որոնց մեջ նաև առանձնացվել էր ընտանեկան բռնությունների հետևանքով հանցագործությունների տեսակարար կշիռը: Այսինքն՝ իրենք էլ են համաձայն այդ վիճակագրական տվյալների հետ: Բայց շատ տարօրինակ ձևով նրանց կողմից նշվում է, որ այդ օրենքի ընդունման հանրային պահանջ չկա: Այստեղ արդեն գործ ունենք մանիպուլյացիայի հետ, որովհետև հանրային պահանջով չէ պայմանավորված հանցագործության դեմ պայքարը: Երկրորդ, եթե նույնիսկ պատճառներ կան, որոնք հանգեցնում են հանցագործությունների առաջացմանը, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ այդ հանցագործությունների դեմ չպայքարելու համար, մինչև պատճառների վերացումը: Ավելին, այստեղ մի կարևոր հարց կա, որը հաշվի չի առնվում ընդդիմախոսների կողմից, դա արժեքային համակարգն ու մտածողությունն է, որն այս օրենքի ընդունման դեպքում լուծում կստանա: Այսինքն՝ խոսքը վերաբերում է խտրականության վերացմանը՝ որպես հիմնախնդրի, որովհետև խտրական վերաբերմունքը սեռերի նկատմամբ դա առավել ցայտուն երևում է հենց ընտանիքներում: Եվ օրենքի բուն իմաստը նաև այդ խտրականության ծայրահեղ դրսևորումների՝ բռնությունների դեմ պայքարն է և մտածելակերպի փոփոխությանը նպաստելը: Եվ այստեղ մենք որևէ ընդհանուր եզրեր չենք կարող ունենալ, որովհետև մարդիկ ակնհայտ ունեն խտրական վերաբերմունք: Իսկ օրենքի կողմնակիցները գտնում են, որ խտրականությունը դա մարդու իրավունքների խախտում է: Ի դեպ, ասեմ, որ խտրականության արգելքը սահմանադրական պահանջ է:
Շատ տարօրինակ է, որ մյուս կողմը ոչ թե եկել էր մասնակցելու այդ քննարկմանը, այլ ձախողելու այն: Եվ տարօրինակ էր մյուս հանգամանքը, որ որպես տեղեկատվական թերթիկ տարածում էին ռուսերեն լեզվով թռուցիկներ, որոնք ամենայն հավանականությամբ պատրաստված էին կամ հենց Ռուսաստանում, կամ էլ Հայաստանում ՌԴ դեսպանատանը: Այսինքն՝ այդ օրենքի ընդունմանը դեմ հանդես եկողները ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիներն են, և հենց ՌԴ-ում այդ օրենքի նկատմամբ կա ակնհայտ բացասական վերաբերմունք: Եվ հիմա փորձում են Ռուսաստանի այդ բացասական վերաբերմունքը ներդնել այստեղ: Դա ուղղակի միջամտություն է, երկրորդ, իր բովանդակությամբ հակասահմանադրական է: Ավելի շատ նրանք փորձում են կեղծ արգումենտներ օգտագործել՝ ընտանիքի քայքայման, երեխաներին ընտանիքից զրկելու մասին:
Ի վերջո, նրանց նպատակը ո՞րն է, որ Հայաստանը զե՞րծ մնա նման օրենքների ընդունումից:
Նպատակը Ռուսաստանի քաղաքական ազդեցության ամրապնդումն է Հայաստանում: Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած օրենսդրություն և փոփոխություն ռուսական քաղաքական ազդեցության թուլացմանն է բերում: Սա ակնհայտ է, որ Հայաստանի իրականության մեջ ՌԴ դեսպանատունն իր հինգերորդ էշելոնն ամբողջ ուժով փորձում է օգտագործել՝ այդ փոփոխության դեմն առնելու համար:
Ինչո՞ւ հենց այս փուլում Հայաստանի իշխանությունները այդ նախագիծը քննարկումների դաշտ բերեցին: Դա ինչ-որ կերպ կապո՞ւմ եք նոյեմբերին Հայաստանի ու ԵՄ միջև ստորագրվելիք փաստաթղթի հետ:
Շատ պարզ է, որ Եվրամիության հետ նախորդ Ասոցացման համաձայնագրի կնքումից առաջ նախատեսվում էր մի շարք օրենքների ընդունում: Ընդ որում, այդ օրենքների ընդունումը ԵՄ հետ համագործակցության հիմքում է ընկած, որպեսզի համագործակցությունը խարխսվի արժեքային համակարգի վրա: Եվ բնական է, որ հերթական համաձայնագրից առաջ պետք է մի շարք օրենքներ ընդունի Հայաստանը, և սա, և խտրականության դեմ պայքարի օրենքը, որոնք ուղղված են ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը: Ավելին, դրանք ուղղված են ՀՀ սահմանադրական սկզբունքների իրականացմանը և միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը: Այսինքն՝ դրանք այն խաղի կանոններն են, որոնք Եվրամիությունն իր հետ համագործակցող պետության հետ մշակում է, որպեսզի երկրի ներսում վարքագծերը կանխատեսելի լինեն հնարավոր ներդրողների ու համագործակցողների համար:
Դա բացակայում է նույն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած այդ կառույցներում արժեքային համակարգը, մարդու իրավունքների, ժողովրդավարական սկբունքներրի, իրավական պետության նկատմամբ հարգանքը բացակայում է: Եվ պարզ է, որ Ռուսաստանը սպառնալիք է տեսնում այն դեպքում, երբ իր կողմից վերահսկվող այն պետությունները, որոնք համագործակցության այլ հարթակներ են գտնում, որոնք խարսխված են մարդու իրավունքների ու ժողովրդավարական պետության սկզբունքների վրա, նման նախաձեռնություններով են հանդես գալիս: Դրա հիմքում բռնապետական, հակաժողովրդավարական ու հակամարդկային սկզբունքներն են: Եվ սա փորձ է հերթական անգամ ձախողելու ԵՄ հետ Հայաստանի համաձայնագիրը:
Իսկ կկարողանա՞ն ձախողել:
Դա կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից:
Իսկ ի՞նչ եք նկատում, այդ կամքը կա՞:
Գոնե այս պահին Արդարադատության նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների մոտ ես ցանկություն եմ նկատում, հանդես են գալիս օրենքի ընդունման դիրքերից: Թե դա հետագայում ինչ շարունակություն կունենա, չեմ կարող ասել, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում: Իսկ այդ որոշումները կարող են մեկ գիշերվա մեջ փոխվել: Իսկ Բաղրամյան 26-ի որոշումների կայացման վրա մեծ նշանակություն ունի Կրեմլի թելադրանքը: Հիմա, հերթական անգամ կենթարկվեն Կրեմլի թելադրանքին, թե կկարողանան դիմագրավել այդ ճնշմանը, չեմ կարող ասել: Բայց ես թերահավատ եմ, որովհետև, չնայած Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում կայուն մեծամասնություն ունի, բայց նրանք չունեն արժեքային այն համակարգը, որի վրա կարող է խարսխվել Եվրամիության հետ համաձայնագիրը: Ակնկալիքները միայն ֆինանսական մասով են, իսկ դա թույլ հիմանվորում է սկզբունքային դիրքորոշման համար: