Անհետ կորելուց 22 օր հետո է քրեական գործ հարուցվել
10:32, December 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ոստիկանություն«2011 թվականի հունիսի 2-ին Արսեն Մկրտչյանը իմ եղբորը կանչում է դուրս, այդ օրվանից առ այսօր մենք նրանից տեղեկություն չունենք»,- այսօր` դեկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր եղբոր` Արա Խաչատրյանի անհետ կորելու օրը հիշեց Աննա Խաչատրյանը:
Նրա խոսքերով` այդ օրն ամբողջ գիշերվա ընթացքում փորձել է զանգահարել եղբոր ընկերոջը` Գարիկ Գրիգորյանին, սակայն վերջինս անհասանալի է լինում, իսկ առավոտյան շփոթված այցելել է նրանց բնակարան եւ առաջարկել փնտրել Արա Խաչատրյանին հյուրանոցներում. «Դրանից հետո նորմալ նախաքննություն չի կատարվել, 10 օր հետո պարզվել է, որ Գարիկ Գրիգորյանն այդ օրը միացել է Արսեն Մկրտչյանին եւ Արա Խաչատրյանին: Հարցիս, թե ինչո՞ւ չի պատասխանել իմ զանգերին, նա պատասխանել էր, որ քնած է եղել, այն ինչ ոստիկանները պարզել են, որ ինքը տանը չի գիշերել եւ տուն է վերադարձել լուսադեմին: Դրանից հետո ինքը պնդում էր, որ իմ եղբորը բերել իջեցրել են Կապանի հրապարակում, բայց այնտեղ կան տեսախցիկներ եւ տեսագրություն չկա, որ իմ եղբորն այդտեղ են իջեցրել»:
Աննա Խաչատրյանը նշեց, որ մինչեւ 2012 թվականը որպես տուժող կողմ չի հարցաքննվել եւ 2012 թվականին բողոքելուց 9 ամիս հետո նոր ցուցմունք է տվել. «Ոստիկանությունը շատ պասիվ էր, Կապանի ոստիկանության քրեական բաժնի պետն ասում էր, որ բողոքենք Երեւան: Դեպքից 1 շաբաթ անց ես հանդիպել եմ ՀՀ փոխոստիկանապետ Պողոսյանի հետ, ներկայացրել եմ դեպքը, ինքը վստահեցրեց, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց Գարիկ Գրիգորյանի քեռին համակարգում է աշխատում, ինձ ոստիկանության աշխատակիցներն ասում էին, որ աշխատանք չեն կարող կատարել, այսինքն` Գարիկ Գրիգորյանը նորմալ չի հարցաքննվել»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ քրեական գործը հարուցվել է միայն դեպքից 22 օր հետո, այն դեպքում, երբ պետք էր անհապաղ քրեական գործ հարուցել: Նա համարում է, որ պետք է քննչական գործողություններ կատարվեին Արա Խաչատրյանին ամենավերջին տեսած մարդկանց նկատմամբ. «Իրավապահ մարմինների կողմից տվյալ գործի հետ կապված գործողությունների հրատապությունը եւ արդյունավետությունը ի սկզբանե կասկածի տակ է դրված: Երբ որ մայրը ժամանակի ընթացքում սկսում է բողոքել Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը մորը գումար է առաջարկում, որպեսզի չբողքի»:
Արթուր Սաքունցը հավելեց, որ 6 քննիչ է փոխվել, եւ Սյունիքի մարզի քննչական կոմիտեի բոլոր քննիչները մասնակցել են գործին, այդ իսկ պատճառով նա քննության արդյունավետության տեսակետից հիմնավոր է համար քննությունը Երեւան տեղափոխելը:
Աղբյուրը՝ www.aravot.am