Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատաքննությունը շարունակվում է
17:47, December 10, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ Խաչատրյան2014 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ` դատավոր Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժող կողմին դատաքննության փուլի ավարտին մոտենալու մասին իրազեկելու համար՝ հնարավորություն տալով դատարան ներկայացնել դատաքննությունը լրացնելու ապացույցներ:
Սույն դատական նիստին տուժող կողմը կրկին չէր ներկայացել, որի վերաբերյալ նախագահող դատավոր Վ. Գրիգորյանը հայտնեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Շուշանյանի կողմից դատարան ներկայացվել է միջնորդություն: Մինչ միջնորդության բովանդակությունը հրապարկելը դատավորը նշեց, որ այդպիսով ստացվում է, որ դատարանի և տուժող կողմի միջև արտադատական կարգով շփում է ստեղծվել, քանի որ տուժող կողմը բոյկոտել է դատական նիստերը:
Այնուհետև Վ. Գրիգորյանը հրապարկեց միջնորդությունը, որով Մ. Շուշանյանը խնդրել էր դատական վիճաբանությունների փուլում մեղադրողի ճառից հետո դատական նիստը հետաձգել, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հերթականությամբ մեղադրողից հետո ճառով հանդես գալու իրավունքը պատկանում է տուժող կողմին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդել էր նաև ճառին պատրաստվելու համար տրամադրել բոլոր դատական նիստերի արձանագրությունները՝ էլեկտրոնային կրիչով, որի համար ներկայացրել էր պետական տուրքի վճարման անդորրագիր:
Գործով մեղադրող Ա. Եղիազարյանը, ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները չառարկեցին ներկայացված միջնորդության դեմ:
Սույն դատական նիստի ընթացքում ամբաստանյալներ Մ. Մկրտչյանը և Մ. Միքայելյանը դատարան ներկայացրեցին դիմում իրենց նկատմամբ ՀՀ ազգային ժողովի 2013 թ. համաներման ակտի 5-րդ կետի 2-րդ ենթակետի ուժով համաներում կիրառելու մասին: Քանի որ նշված համաներման հարցի քննարկման համար տուժող կողմի կարծիքն անհրաժեշտ էր, դատարանն առաջարկեց այդ մասին գրավոր հայտնել տուժող կողմին և պահանջել, որպեսզի տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը ներկայանան դատական նիստին և կարծիք հայտնեն:
Կողմերն առարկություններ չներկայացրեցին, մեղադրողը նշեց, որ համաներման հարցի քննարկումը դատական վիճաբանությունների փուլի նման բան է, որին էլ մասնակցելու համար տուժող կողմը միջնորդել է հետաձգել դատական նիստը, ուստի մեղադրողն անհրաժեշտ համարեց տուժող կողմի ներկայությունը: Այդպիսով, սույն դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. հունվարի 16-ին, ժամը 12:00-ին: