Հայաստանում կոռուպցիան ոչ միայն համակարգային է, այլև կառավարվող
11:15, December 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով է կոռուպցիան ազդում Հայաստանի վարկանիշի վրա՝ ասաց. «Կոռուպցիան անմիջականորեն ազդել և ազդում է ՀՀ քաղաքացիների վրա: Հայաստանի անկախության 25 տարիներից 17-ի ընթացքում Հանրապետականը, որ անընդհատ ունեցել է կայուն մեծամասնություն ԱԺ-ում և ըստ էության նաև ինքն է ձևավորել ՀՀ կառավարությունը, այս կոռուպցիոն համակարգի անմիջական պատասխանատուն է»:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը իր ներկայիս ֆինանսական և նյութական ռեսուրսներով 3 անգամ գերազանցում է ԱԺ-ում ներկայացված մյուս բոլոր կուսակցություններին միասին վերցրած. «Սա կոռուպցիայի առաջին ցուցանիշն է»:
«Այդ կուսակցության պատգամավորական խմբակցության կազմում դոլարային միլիոնատերերի թիվը ամենամեծն է: Այդ կուսակցության ղեկավարը մեկ օրում ոչնչացրեց մեկ այլ օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանին, ինչն ապացուցեց, որ ՀՀ-ում որևէ մեկն իրավունք չունի այլ վարքագիծ ունենալ՝ բացի իշխանության հետ համաձայնվելուց»,- նկատեց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիան ոչ միայն համակարգային է, այլև կառավարվող, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին խոսակցությունը հերթական իմիտացիոն, ձևական, ոչ բովանդակային միջոցառում է, որի նպաատկն է ցույց տալ, թե իբր մենք ցանկանում ենք հաղթահարել կոռուպցիան: Ընդ որում, ինչպես նշեց պարոն Սաքունցը, այդ խորհուրդը ղեկավարում է մի մարդ՝ վարչապետը, որը Հայաստանի Հանրապետության ամենամեծ հողատերերից մեկն է. «Հայաստանի իշխանությունները չեն կարող իրենք իրենց դեմ պայքարել: Կոռուպցիոն համակարգի դեմն առնելու միակ տարբերակը մարդն է»: