Մարդու իրավունքների բնագավառում պետությունը հերթական անգամ ձախողել է. իրավապաշտպան
17:23, December 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԴեկտեմբերի 10-ը 1950 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ՝ նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, քանի որ ավելի վաղ` 1948-ի դեկտեմբերի 10-ին, Գլխավոր ասամբլեան ընդունել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին Araratnews.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
«Մարդու իրավունքների բնագավառում պարտավորությունների կատարման առումով պետությունը ձախողել է հերթական անգամ: Խոսքը վերաբերում է թե՛ սահմանադրական իրավունքների, թե՛ մարդու միջազգային իրավունքների համընդհանուր կատարմանը: Այսօր ավելի մտահոգիչ են քաղաքական ակտիվիստների, գործիչների նկատմամբ շարունակվող հետապնդումները: Մտահոգիչ են քաղաքացիական շարժման մասնակիցների նկատմամբ ոստիկանության ապօրինությունները, մասնավորապես՝ հունիսի 23-ին «էլեկտրիկ Երևան»-ի մասնակիցների նկատմամբ զանգվածային բերման ենթարկելու փաստը, լրագրողների նկատմամբ բռնությունները»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ մենք դեռևս ունենք խնդիրներ խոսքի, կարծիքի ազատ արտահայտման վերաբերյալ. «Ճիշտ է, ինտերնետային ԶԼՄ-ներով դեռ կարողանում ենք ներկայացնել համեմատաբար ազատ կարծիքների բազմազանություն, բայց այդ պարտավորության կատարման հիմնական չափանիշ հանդիսացող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մատչելի է մնում հասարակության մեջ տարբեր կարծիքներ ունեցողների համար: Այսինքն՝ Հանրային հեռուստաընկերությունը բազմակարծություն չի ապահովում, որը պետության պարտավորությունն է»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ որոշ պետական գերատեսչություններում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները շարունակում են արդիական մնալ.«Այսօր շատ խնդիրներ կան ոստիկանությունում, որը մարդկանց հետ շփման առաջին օղակն է: Ամենաքաղաքական, զգայուն իրավիճակներում մենք տեսնում ենք ոստիկանության ընտրողական վարքագիծը՝ երբ կա հրահանգ: Շատ լավ ակտիվ են խախտումների տեսակետից. շատ մեծ խախտումներ են արձանագրում, ինչպես «էլէկտրիկ Երևանի» դեպքում, իսկ այս հանրաքվեի ընթացքում, երբ խախատումների վերաբերյալ ահազանգերի մի ամբողջ փաթեթ եղավ՝ ուղղակի անգործության մատնված էին: Արդարադատության նախարարությունում, քրեակատարողական հիմնարկներում ևս մենք ունենք չլուծված ու շարունակվող խնդիրներ, Զինված ուժերում մահվան դեպքերով ոչ պատշաճ քննության վիճակը մնում է. դա նույնպես մտահոգիչ է»:
Խնդիրը ոչ միայն այն է, որ իրավունքները խախտվում են և պետությունը իր պարտավորությունները չի կատարում իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլ նաև շատ կարևոր, էական հանգամանք է, որ խախտված իրավունքների փաստերով պատշաճ, արդյունավետ քննություն չի իրականացվում և խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ արդյունավետ գործողություն չի իրականացնում պետությունը»: