Ցուցարարին պատասխանատվության ենթարկելու պահանջի հիմքում ոստիկանների բացատրություններն են
12:21, July 10, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը:
Վ. Պետրոսյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ 2016 թ. մարտին կազմակերպված հավաքի մասնակիցներից է: Նա, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էր ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ:
Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Դատական նիստի ընթացքում կողմերը հանդես եկան բացման խոսքերով:
Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը դիրքորոշում հայտնեց, որ 2016 թ. մարտի 24-ին Մ. Մաշտոցի պողոտայում հավաք անցկացրած անձինք խախտել են հավաքի բնականոն ընթացքը, չեն կատարել իրենց գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ներկայացված պահանջը և խնդրեց բավարարել հայցը:
Տ. Սիրադեղյանի հարցին, թե ինչ ապացույցով է հաստատվում, որ Վ. Պետրոսյանին պահանջ է ներկայացվել, Ս. Մելիքյանը նշեց, որ ապացույց չկա՝ բացի ոստիկանության աշխատակիցների բացատրություններից:
Դատարանն էլ հետաքրքրվեց, թե հավաքի մասնակցի որ պարտականությունը չի կատարել Վ. Պետրոսյանը և ոստիկանության ծառայողի որ պահանջներն են սահմանված օրենքով: Ս. Մելիքյանը նշեց, որ Վ. Պետրոսյանը չի կատարել հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողություններից ձեռնպահ մնալու պարտականությունը, իսկ որպես ոստիկանության ծառայողի կողմից հնչեցված պահանջը նախատեսող օրենք, նշեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, որը սահմանում է հավաքի մասնակցի պարտականությունները:
Պատասխանող կողմը ներկայացրեց իր առարկությունները հայցի դեմ: Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման մասով չկա պատշաճ արձանագրություն, իսկ գործում առկա արձանագրության մեջ բացակայում է իրավախախտման էությունը, ուստի անկախ արարքը կատարելու փաստից, նա չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության:Ապա հիմնավորումներ ներկայացրեց Վ. Պետրոսյանի արարքում ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասով նախատեսված իրավախախման բացակայության վերաբերյալ՝ նշելով, որ Վ. Պետրոսյանը հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող գործողություններ չի կատարել, ինչպես նաև նրան որևէ պահանջ չի ներկայացվել, ուստի նրա համար չի առաջացրել այդ պահանջը կատարելու պարտականություն: Պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց մերժել ներկյացված հայցը:
Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև հակընդդեմ հայցի հիմքերը, հիմնավորումներ ներկայացրեց ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, ձերբակալմամ կարգը խախտելու, առանց հիմքերի՝ հավաքը ցրելու և Վահրամ Պետրոսյանի իրավունքները խախտելու մասին:
Ոստիկանության ներկայացուցիչը հարցեր ուղղեց հակընդդեմ հայցվորին, որից հետո դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստին դատարանը կհետազոտի գործում առկա տեսանյութը: Այն նշանակվել է 2017 թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:30-ին: