Սեփականության իրավունքի պահպանման պահանջը չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ
13:42, July 27, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սեփականության իրավունքԵրեկ՝ 2018 թ. հուլիսի 26-ին, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով (1000 դրամների մասին օրենք) սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների վերաքննիչ բողոքն ու որոշման հրապարակման օր նշանակեց:
Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները այս հարցով դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին: Հայցադիմումով հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անհիմն հարստացել է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը և որ Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
2017 թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱՎ աշխատակիցների հայցը:
Վերաքննիչ բողոքում հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ դատարանը օբյեկտիվ քննություն չի իրականացրել և որ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը չստուգելով կայացրած վճիռը օրինական չի կարող լինել: Դատարանի այդ վճռով խախտվել են հայցվորների իրավունքներն ու ազատությունները:
Երեկ դատարանը ներկայացրեց վերաքննիչ բողոքն ու որոշ հարցեր ուղղեց բողոքաբերների ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին:
Դատարանի հարցերին ի պատասխան Ա. Չատինյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն առաջին ատյանի դատարանին ներկայացվել է, քանի որ առանց վերջնական դատական ակտի՝ հայցվոր կողմը դա անել չէր կարող:
Օրենսդրությամբ նման լիազորություններով օժտված են դատարանն ու Մարդու իրավունքների պաշտպանը. հայցվոր կողմը երկու լծակն էլ օգտագործել է և մերժում ստացել:
Դատարանի հարցերին պատասխանելով՝ Ա. Չատինյանը վերահաստատեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների պահանջը:
Ա. Չատինյանի կարծիքով՝ սեփականության իրավունքի պահպանման պահանջը որևէ ձևով չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ և այն նույնն է մնում՝ երկրում իրավիճակի փոփոխությունից անկախ:
Դատարանը վճռի հրապարակման օր նշանակեց 2018 թ. օգոստոսի 10-ը: