«Սուրիկ Խաչատրյանը կրկին կվերադառնա, նա անգնահատելի կադր է»
16:16, January 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախկին մարզպետի նշանակումը չի համարում ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնի դիմաց Սուրիկ Խաչատրյանին մեծ փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը իր դիմումի համաձայն ու առողջական խնդիրների պատճառաբանությամբ հեռացել է կառույցի ղեկավարի պաշտոնից:
«Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության մեջ որեւէ տրամաբանություն գտնելը դժվար է: Կադրային նշանակումների իմաստը պետք է լինի հանրային նշանակության խնդիրների լուծումը, բայց փորձը ցույց է տալիս, որ նա ավելի շատ ղեկավարում է խմբային շահերի բավարարման տեսակետից:
Եղբոր նշանակումը փոխհատուցման իմաստ ունի, թե ոչ, դա նույնիսկ էական էլ չէ: Ավելի կարեւոր է կուսակցության մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հանգամանքը, որովհետեւ ակնհայտ է՝ պետական ու կուսակցական ինստիտուտները սերտաճած են: Հայաստանի Հանրապետությունը յուրացվել է ՀՀԿ-ի կողմից եւ եթե մարզպետ է, ուրեմն պետք է անպայման լինի կուսակցության տվյալ տարածքում կառույցի ղեկավար, քաղաքապետ է, ապա պետք է տվյալ վարչական շրջանում ՀՀԿ կառույցի ղեկավար լինի:
Հետաքրքրական է, որ Սուրիկ Խաչատրյանը երկրորդ անգամ է առողջական խնդիրների պատճառով դուրս գալիս արենայից, մեկ անգամ Բուդաղյանների միջադեպի ժամանակ առողջական խնդիրներով սեփական դիմումի համաձայն հեռացավ, բայց հետո առողջացավ ու վերադարձավ:
Վստահեցնում եմ, որ Սուրիկ Խաչատրյանն էլի է վերադառնալու, նա Սերժ Սարգսյանի համար անգնահատելի կադր է: Նա շուտով կառողջանա: Ինչ վերաբերում է մարզպետի ու Սյունիքի մարզում ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացման դիմաց եղբոր նշանակմամբ փոխհատուցում տալուն, ապա եղբոր նշանակումը չի կարող լրացնել այն դիրքը, որն ուներ իր պաշտոնում Սուրիկ Խաչատրյանը, այն համարժեք փոխհատուցում չի կարելի է համարել: Այլ հարցեր կան՝ ինչքանով է եղբայրը համապատասխանում Երեւան ՋԷԿ-ի տնտեսությանը, կառույցի ղեկավարի պահանջներին, ինքը համապատասխանո՞ւմ է իր կարողություններով այդ պաշտոնին, թե՝ ոչ»,- ասաց պարոն Սաքունցը: