Եվրոպական կառույցներն ուշադրություն կդարձնեն Հայաստանի բռնության դեպքերին. Արթուր Սաքունց
16:47, February 11, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵվրոպական կառույցները անպայման ուշադրություն կդարձնեն Հայաստանում բռնության դեպքերին, քանի որ խոսքը վերաբերում է պետության հանձնառությունների կատարմանը, ինչին եվրոպական կառույցները պարբերաբար անդրադառնում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Բռնության դեպքերի բացասական հետևանքն ակնհայտ կլինի, որովհետև քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքը շարունակվում է, ինչը մտահոգիչ է»,-ասաց նա:
Արթուր Սաքունցը նշեց, որ այնպես չէ, թե եվրոպական կառույցները հենց հաջորդ օրն արձագանքում են բռնության դեպքերին. նրանք տեղեկատվությունը հավաքում են և դեպքերի վերաբերյալ որոշակի պատկերացում ունենալուց հետո նոր մոտեցում ներկայացնում: «Մյուս կողմից էլ՝ Հայաստանն այնքան խնդիրների մեջ է, որ չգիտեն, թե որին արձագանքեն»,-ասաց նա և նշեց, որ այս պահին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում լարվածության աճը սահմանին :
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն ազդել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության վրա, նա նշեց, որ ԵՏՄ–ին անդամակցությունն ազդել է համագործակցության մակարդակի, հնարավորությունների, որոշակիության առումով, քանի որ սահմանափակումներ, անորոշություններ կան: Իրավապաշտպանն անհասկանալի է համարում ԵՄ-ԵՏՄ համակարգերի ներդաշնակեցումը:
Աղբյուրը՝ www.tert.am