Ապօրինի զանգվածային բռնագանձումը պետական «ռեկետ» է
17:49, February 11, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ԵՏՄ2016 թվականի փետրվարի 8-ին azatutyun.am լրատվական կայքում հրապարկվել է «ԵՏՄ նախարար․ Հայաստանում ապօրինի հարկ են գանձում» վերնագրով նյութը, որում նշվում է, որ Մոսկվայի, Երևանի և Աստանայի միջև տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ Հայաստանի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելը, ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս, հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: Իր խոսքում Տ. Վալովայան նշում է նաև Ղազախստանում նման նախադեպի մասին, ինչը կանխվել է:
ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարի վերոնշյալ հայտարարությունը հիմք է տալիս պնդելու, որ ՀՀ իշխանությունները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ապօրինի կիրառելով ավելացված արժեքի հարկ, ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թվականի փետրվարի 11-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով: