Ավարտվեց «Արաբկիր» ԲԿ-ում մահացած Էլեն Փարսադանյանի գործի քննությունը
15:34, March 11, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Էլեն Փարսադանյան2015 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Դատական նիստը սկսվեց գործով տուժող Էլեն Փարսադանյանի իրավահաջորդ Լուսինե Փարսադանյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանի մասնակցությամբ: Վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացել դատական նիստին, Ա. Չատինյանը գտավ, որ հնարավոր է բողոքի քննությունը շարունակել առանց վարույթն իրականացնող մարմնի ներկայության, իսկ դատարանը, հաշվի առնելով, որ կարճված քրեական գործի նյութերը ներկայացվել էին դատարան, համարեց, որ բողոքի քննությունը հնարավոր է շարունակել առանց վարույթն իրականացնող մարմնի: Բողոքի ներկայացման ընթացքում վարույթն իրականացրած Գ. Գենջոյանն ուշացմամբ ներկայացավ դատական նիստին: Ուշացման պատճառով նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը, որպես դատական սանկցիա, վարույթն իրականացրած Գ. Գենջոյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում և հորդորեց, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն:
Լուսինե Փարսադանյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ներկայացրեց բողոքի փաստական և իրավական հիմքերը՝ ներկայացնելով մի շարք հիմնավորումներ կյանքի իրավունքի շուրջ վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չիրականացնելու և քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված նորմերի խախտումների վերաբերյալ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է տուժողի իրավունքների և օրինական շահերի խախտման: Մասնավորապես, Ա. Չատինյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն, անտեսելով, այն հանգամանքը, որ ծննդատնից տրված փաստաթղթերը փաստում են, որ Էլեն Փարսադանյանը ծնվել է միանգամայն առողջ, հիմք է ընդունել միայն բժշկական հաստատության աշխատակիցների ցուցմունքները, բավարարվել փորձագետի ոչ ամբողջական եզրակացությամբ՝ միջոցներ չձեռնարկելով նոր փորձաքննություն նշանակելու ուղղությամբ: Ա. Չատինյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև փորձաքննության եզրակացությունը թերություններով ու օրենսդրության խախտմամբ կազմված լինելու վերաբերյալ, ներկայացրեց մի շարք կարևոր հարցադրումներ, որոնց այդպես էլ գնահատական չի տրվել գիտական մակարդակում և որոնք կարող էին կարևոր նշանակություն ունենալ Էլեն Փարսադանյանի մահվան իրական պատճառների բացահայտման համար: Այսպես, ըստ Ա. Չատինյանի, փորձաքննության եզրակացությամբ չի պարզվել, թե ինչ ազդեցություն կարող էր ունենալ էպիլեպսիա հիվանդության դեմ արված բուժումը, որի շրջանակներում շուրջ երկու օր երեխան ընդունել է այնպիսի դեղամիջոցներ, որոնց կարիքը չի ունեցել, չի պարզվել, թե քթի և աչքի շրջանում առկա վնասվածքները ինչից են առաջացել և արդյոք դրանք գտնվել են մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ, չի պարզվել նաև՝ «Արաբկիր» ԲԿ-ում գտնվելու 10-րդ օրը ինկոբացիոն խողովակը ներս հրելու ժամանակ թոքի վնասումը ինչ հետևանք կարող էր ունենալ երեխայի համար և արդյոք այն պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում մահվան հետ:
Բացի այդ, Ա. Չատինյանը նշեց, որ վարույթն իրականացրած Գ. Գենջոյանն առանց քննության է թողել տուժող կողմի՝ 2014 թ. հուլիսի 7-ին ներկայացրած լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որի վերաբերյալ կողմը կամ նրա ներկայացուցիչները որևէ պատասխան չեն ստացել, և այդ մասին տեղեկացել են քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը ստանալուց հետո: Բողոքի շրջանակներում Մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի լույսի ներքո ներկայացվեցին նաև հիմնավորումներ Էլեն Փարսադանյանի կյանքի իրավունքի խախտման շուրջ արդյունավետ քննություն կատարելու պետության պարտականության վերաբերյալ: Հաշվի առնելով թույլ տրված խախտումներն ու թերությունները, Ա. Չատինյանը խնդրեց վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2014 թվականի հունիսի 30-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
Բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց վարույթն իրականացրած քննիչ Գ. Գենջոյանը: Վերջինս գտավ, որ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, նշեց, որ փորձագետներին առաջադրվել են ավելի լայն հարցադրումներ և դրանց տրվել կոնկրետ պատասխաններ, անպատասխան հարցեր չեն մնացել:
Վարույթն իրականացնող մարմնին որոշ հարցեր ուղղեց նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը: Վերջինս փորձեց պարզել՝ արդյոք տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները ծանոթացել են փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, քանի որ նման արձանագրությունը գործում բացակայում էր: Գ. Գոնջոյանը նշեց, որ այդ ժամանակ գործն իր վարույթում չի եղել: 2014 թ. մարտ ամսին նշանակված փորձաքննության շրջանակներում միայն հունիսին փորձագետ ճանաչելու որոշում կայացնելու հանգամանքը վարույթն իրականացրած մարմինը հիմնավորեց հանձնաժողովի ձևավորմամբ, նշեց, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշումն ուղարկվել է փորձագիտական կենտրոն, ձևավորվել է հանձնաժողով, որից հետո իր կողմից կայացվել են անձանց փորձագետ ճանաչելու մասին որոշումներ: Դատավորը նշեց, որ փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու 2014 թ. հունիսի 30-ի արձանագրության մեջ տուժողի իրավահաջորդը նշել է, որ համաձայն չէ եզրակացությանը և իր դիրքորոշումը կներկայացնի գրավոր, սակայն նույն օրը կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում: Դատավորը հետաքրքրվեց, թե որն է եղել հապճեպ որոշում կայացնելու պատճառը, որին ի պատասխան քննիչը նշեց, որ գործի նյութերը բավարար են եղել գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու համար:
Ա. Չատինյանը հավելեց, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունն ընդհանրապես բացակայում է գործի նյութերից, վարույթն իրականացրած մարմինը պարզաբանեց, որ քրեական գործի վարույթը կարճելուց հետո այն չէր կարող կցվել գործի նյութերին:
Այսպիսով, դատարանն ավարտված համարեց բողոքի քննությունը. դատարանի որոշումը կհրապարակվի 2015 թ. մարտի 25-ին, ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ Լուսինե Փարսադանյանի հաղորդման հիման վրա կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որի բողոքարկման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա. Մկրտչյանի, 2014 թ. հունվարի 31-ին կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և գործը նախաքննության մարմնին վերադարձնելու մասին որոշում: Դատարանի հիշյալ որոշման հիման վրա 2014 թ. փետրվարի 5-ին հարուցվել էր քրեական գործ, սակայն քրեական գործի վարույթը կարճելու մասին 2014 թ. հունիսի 30-ի որոշման կայացմամբ գործի նախաքննությունն ավարտվել էր: