Ճիշտ եք ասում` «չագուչն» էլ է ձեր ձեռքում, մեխն էլ. Արթուր Սաքունցն` Ընտրական օրենսգրքի մասին
15:19, March 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԸնտրական օրենսգրքի հանրային քննարկման ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն, իր իսկ խոսքով ասած, մեջբերեց դասականի, որը ելույթ է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստին:
«ՀՀԿ դասականի ասածը` «չագուչն» էլ է մերը և ոնց ուզենք, կխփենք», չի հերքվել: Հիմա այս գործընթացը, որը կոչվում է Ընտրական օրենսգրքի ձևավորում, տեղի է ունենում այլ պայմաններում: Ընտրական փորձը ցույց է տվել, որ ընտրակեղծիքները կանխարգելում են դիտորդները և լրագրողներն, այլ ոչ թե կուսակցությունների վստահված անձինք: Այնպիսի տպավորություն է, որ այլ խնդիրներ չունեինք` չունենք ուղղորդված ընտրություն` բերման ենթարկել և բերել ընտրության, չունենք ճնշումներ, ընտրակաշառք, արդյունքների կեղծում, մենակ էս դիտորդներն են համը հանում հա՞»,- ասաց նա:
Սաքունցը նկատեց, որ գործող ընտրական համակարգով ԿԸՀ-ն կարող է ընտրատեղամասից հեռացնել այն դիտորդին, որը չի կարողանում իրականացնել պատշաճ դիտորդական առաքելություն:
Նրա խոսքով՝ դիտորդները ստուգարք պետք է հանձնեն: «Գիտեք, որ հիմա առաջարկում եք մեզ առաջարկություններ ներկայացնել, ես այդ ժամանակ մտածում եմ, իսկ ովքե՞ր են որոշում կայացնելու: Դուք լավ ասացիք, որ մենք կառաջարկենք, դուք կորոշեք: Իրականում նեկայացված նախագիծը պետք է արդեն իսկ կոնսենսուսի արդյունք լիներ, իսկ դուք ասում եք՝ մենք շտապում ենք: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շտապելու տեղ չունեմ և հարցեր ունեմ չպարզաբանված: Ճիշտ եք ասում` «չագուչն» էլ ձեր ձեռքը, մեխն էլ»,- շարունակեց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ, արձագանքելով Սաքունցի խոսքին, հորդորեց քննարկումը զավեշտի չվերածել: Նա կրկին նշեց, որ ցանկացած հարց քննարկելի է և հիշեցրեց Արթուր Սաքունցին, որ նրա առաջարկները միշտ ընդունվել և լուծումներ են տրվել:
Տես նաև՝ tert.am