Ինչպես գտնել Պերմյակովի ծառայակիցներին
18:19, March 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԳյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական այսօրվա նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ծառայակից վկաներին հնարավոր չէ բերել դատարան, քանի որ նրանք զորացրվել են ու Հայաստանում չեն: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը ասել է, որ իրենք դիմել են ռազմաբազայի ղեկավարությանը՝ Պերմյակովի 7 ծառայակիցների մասին տեղեկություն ստանալու համար: Ռազմաբազայից, սակայն, հայտնել են, որ այդ անձինք, որոնց թվում՝ նաև Պերմյակովի անմիջական հրամանատար Նիկիշինը, այլևս ռազմաբազայում չեն, և չեն կարող ասել, թե որտեղ են: Այս անձինք գործով կարևոր վկաներ են համարվում:
Իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ասում է, որ նրանց վկայությունը կարևոր է դատարանում: «Հատկապես Նիկիշինը կարևոր վկա է, որովհետև հենց ինքն է Չիտայից ռուսական ռազմաբազայի համար զինծառայողների ընտրությունն իրականացրել և Պերմյակովին տեղափոխել Գյումրիում տեղակայված բազա»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սաքունցը: Նրա խոսքով՝ սակայն դատարանն ի սկզբանե իմացել էր, որ այդ անձինք զորացրվել են, ինչո՞ւ էր դատավորը դիմել ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը: Ռուսական ռազմաբազան, ըստ նրա, ՀՀ դատարանի առաջ որևէ պարտավորություն չունի՝ ապահովելու զորացրված զինծառայողների ներկայությունը:
«Նախորդ դատական նիստի ժամանակ ես դատավորին ասացի, որ ինքը պետք է դիմի ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք դիմեն ՌԴ իրավապահ մարմիններին՝ նշված անձանց հայտնաբերելու և դատարան ներկայացնելու հարցով: Այսինքն՝ ի սկզբանե դատարանը, նման գրություն ուղարկելով ռազմաբազա, ոչ ճիշտ հասցեատիրոջ է ընտրել այդ հարցը լուծելու համար: Այդ մարդիկ արդեն զորացրված են համարվում»,- ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ հայաստանյան դատարանը, գիտակցաբար, շատ լավ հասկանալով, որ ի սկզբանե ստանալու է նման պատասխան, ինչ-որ գործողության իմիտացիա է ստեղծում՝ ցուցադրելու, թե իբր ջանքեր է գործադրում՝ վկաներին դատակոչելու համար: Բայց իրականում ի սկզբանե հայտնի էր, որ ոչ թե պետք էր դիմել ռուսական ռազմաբազային, այլ՝ ՌԴ կամ ՀՀ իրավապահ մարմիններին:
Արթուր Սաքունցի խոսքով՝ առաջիկայում պետք է քայլեր տարվեն հենց այդ ուղղությամբ՝ դիմելու ՌԴ իրավապահներին՝ նշված վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար: Նա նշեց, որ այդ մասին համապատասխան միջնորդություն կներկայացվի:
«Ես չեմ հասկանում, թե ինչ տրամաբանությունից ելնելով է դատարանը դիմել ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը, բացառությամբ մեկ հանգամանքի, որ այդ դատական նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանը նման դիմումով կարծես թե հերթական անգամ արձանագրում է, որ դատական պրոցեսի նկատմամբ անմիջական հսկողությունը կամ պարտավորությունը կրում է ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, որն ի սկզբանե աբսուրդ է: Այն մարդիկ, ովքեր ծառայությունից զորացրվել են, ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը որևէ իրավասություն չունի նրանց նկատմամբ»,- ասաց նա: