Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծանալու է
18:01, April 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես հայտնի է, ՀՀ ԱԺ Աշխատակազմի ղեկավար սահմանադրագետ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ նոր խորհրդարանն իր աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում: Հրայր Թովմասյանի խոսքով`ամենայն հավանականությամբ, կկրճատվեն եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները: Նա նաև ընդգծեց, որ, համաձայն Սահմանադրության, նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա:
Խնդրո առչնությամբ politik.am-ը խնդրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցին մեկնաբանել այս հայտարարությունը: Վերջինս ասաց, որ մինչ նոր ԱԺ առաջին նիստի կայանալը ԱԺ Աշխատակազմի ղեկավարի կողմից նման հայտարարությունը, ինքը որակում է որպես ԱԺ լիազորությունների յուրացում, որովհետեւ ներկայացված հայտարարության համաձայն՝ կայացվելիք որոշումները պատկանում են ԱԺ-ին որպես բացառիկ իրավասություն եւ ոչ թե ԱԺ Աշխատակազմի ղեկավարին: Մյուս կողմից էլ իրավապաշտպանը հայտարարեց, որ ասվածից կարելի է հասկանալ, որ արդեն իսկ կայացվել է քաղաքական որոշում, որը ցույց է տալիս, որ սա կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշումն է, կամ Հանրապետական կուսակցության:
Այն, որ հնարավոր է երկու հանձնաժողովները չլինեն նոր խորհրդարանում, իրավապաշտպանը համարեց մտահոգիչ եւ բավական լուրջ: Իրավապաշտպանը պարզաբանեց, որ Հայաստանը արդեն իսկ նախաստորագրել է ԵՄ հետ համաձայնագիրը, իսկ ստորագրումը լինելու է այս տարի եւ եթե արդեն իսկ որոշվել է, որ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով էլ չի լինելու, ապա սա նշանակում է, որ կայուն մեծամասնությունը փոխել է արդեն իր կեցվածքը եվրոպական կառույցների հետ գործակցության վերաբերյալ եւ դրանք որպես առաջնահերթություն չի դիտարկում:
Կրկին շեշտելով, որ նման որոշումը քաղաքական որոշում է, իրավապաշտպանը նաեւ նշեց, որ արդեն Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կրճատումը նշանակում է նահանջ մարդու իրավունքների ոլորտում եւ նաեւ նահանջ այն պարտավորությունների, որոնք Հայաստանը ստանձնել է:
Մեր զրուցակիցը նշեց, որ երկրորդը համարում է առաջինի տրամաբանական շարունակությունը՝ հաշվի առնելով այն միջավայրը, որում Հայաստանն է: Արթուր Սաքունցը նաեւ արձանագրեց, որ ըստ էության նոր խորհրդարանը հաստատում է եվրասիական ինտեգրացիային իր հավատարմությունը, որը նահանջ է ինչպես մեր Սահմանադրությունից, այնպես էլ ստանձնած պարտավորություններից:
Որոշումների ամբողջ պատասխանատվությունը մեր զրուցակիցը դրեց իշխող Հանրապետական կուսակցության վրա համարելով, որ այդպիսով Հայաստանի գաղութային կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծանալու, երկիրը ավելի է թաղվելու եվրասիական ճահճի մեջ, Հայաստանը ավելի է մեկուսանալու եւ զարգացման հնարավորություններն ու գործիքակազմը ավելի է նվազելու: