ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը հայտարարեց, որ չի ենթարկվելու դատարանի որոշմանը
15:19, July 11, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. հուլիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց քննվել Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) հայցը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, որով պահանջվել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը:
Դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ մի արտառոց դեպք, որը, ցավոք, պատշաճ ուշադրության չարժանացավ Դատարանի կողմից:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, որոնց համաձայն՝ արգելվել է Ժ. Բ. Օզկիրիսյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն, դատարան ներկայացնելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի հարցին բացասական պատասխան տրվելուց հետո Դատարանը, հավելելով, որ ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, փորձեց հստակեցնել՝ արդյոք դատարանի որոշման դեպքում կտրամադրվի տեղեկատվությունը, ինչին ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պատասխանեց, որ պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք է և չի կարող ներկայացվել դատարան:
Նախագահող դատավորը, փոխանակ պնդելու, որ տեղեկատվությունն անհրաժեշտ է օբյեկտիվ որոշում կայացնելու համար, հրաժարվեց իր պահանջից՝ տուրք տալով ՀՀ ԱԱԾ ներկայացուցչի դիրքորոշմանը:
Սրանով ԱԱԾ ներկայացուցիչը, փաստորեն հրապարակավ հայտարարեց, որ իր ներկայացրած կառույցը չի ենթարկվում ՀՀ դատական իշխանությանը և հանրության համար գաղտնիք համարվող տեղեկատվությունը գաղտնիք է նաև դատարանի համար:
Փաստում ենք, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կա մի մարմին, որը չի ենթարկվում ՀՀ դատարաններին, որևէ սահմանադրություն չի կարող փրկել մեզ: