Հայկ Մովսիսյանի գործով դատարանի գործողությունների դեմ բացարկ հայտնվեց
13:26, September 11, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ Մովսիսյան2014թ. օգոստոսի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ սույն բողոքի քննության շրջանակներում նախորդ դատական նիստին Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը միջնորդեց դատարանին վարույթն իրականացրած մարմնից ստանալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմքում ընկած նախաքննության նյութերը:
2014 թ. օգոստոսի 9-ի դատական նիստը կրկին կայացավ վարույթն իրականացրած մարմնի բացակայությամբ: Նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանը հայտնեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից գրությամբ ստացվել են քրեական գործի նյութերը, սակայն այդ նյութերի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինը դատարան ներկայացրել էր քրեական գործի ոչ բոլոր նյութերը: Մասնավորապես, դատարան էին ներկայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը, դատաբժշկական և կրկնակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները, այդ փորձաքննությունների եզրակացությունները, Հայկ Մովսիսյանի նկատմամբ հարուցված գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Այս առնչությամբ Հ. Պետրոսյանի ներկայացուցիչը կրկին միջնորդեց ստանալ քրեական գործի բոլոր նյութերը, գտնելով, որ վարույթն իրականացրած մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջը պատշաճ չի կատարվել: Ա. Զալյանը նշեց, որ հակառակ պարագայում, եթե վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրվել են քրեական գործի ամբողջական նյութերը, ապա պետք է պնդել, որ նախաքննության մարմնի կողմից չի կատարվել լրիվ և ամբողջական քննություն: Ա. Զալյանը հավելեց, որ քրեական գործի նյութերի մեջ պետք է լինեն հարցաքննությունների արձանագրություններ, քանի որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը հղում է կատարել մի շարք անձանց ցուցմունքների:
Դատարանը անհրաժեշտ համարեց հրապարակել նյութերին կից ներկայացված գրությունը, որում վարույթն իրականացրած մարմնի կողմից թվարկվել էին դատարան ուղարկվող նյութերը, ինչպես նաև հայտնվել էր դատական նիստին ներկայանալու անհնարինության մասին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:
Դիմումատու Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանը նշեց, որ ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի բաղադրիչն է համոզիչ բացատրություններ ներկայացնել մահվան փաստի վերաբերյալ, բայց այդ գտավ, որ տվյալ դեպքում թույլ է տրվում նաև հավասարության իրավունքի խախտում դիմումատուի և նախաքննության մարմնի միջև:
Այնումենայնիվ, նախագահող դատավորը հայտնեց, որ իր որոշումն արդեն իսկ կայացրել է և առաջարկեց ցանկության դեպքում բացատրություններ ներկայացնել դատարանին:
Դիմումատուի ներկայացուցիչը բացարկ հայտնեց դատարանի գործողությունների դեմ, նշելով, որ քրեական գործի սակավաթիվ նյութերը չեն կարող ապահովել լրիվ և բազմակողմանի քննություն, գտավ, որ դատարանը կողմանակալ վերաբերմունք է ցուցաբերում, ինչը հիմք է տալիս նշելու, որ դատարանի կողմից խախտվում է դատական քննության իրավունքը:
Ինքնաբացարկի միջնորդությունը խորհրդակցական սենյակում քննարկելու արդյունքում դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, որից հետո դիմումատուի ներկայացուցիչը հրաժարվեց բացատրություն տալ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և րոպեներ անց հրապարակելով կայացված որոշման եզրափակիչ մասը՝ մերժեց Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ա. Զալյանի բողոքն ամբողջությամբ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: