Ցանկացած երևույթի հետ Ռ. Քոչարյանի անունը շոշափելը նշանակում է վարկաբեկել այդ թեման
09:49, September 11, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱնդրադառնալով այն լուրերին, թե շուտով «մեծ քաղաքականություն» է վերադառնալու Ռոբերտ Քոչարյանը և միանալու է սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորվող «ոչ»-ի շարժմանը, և պատասխանելով Newsline.am-ի հարցին, թե արդյոք սա միտումնավոր քայլ չէ՞ իշխանությունների կողմից՝ ժողովրդին «ոչ»-ի շարժման դեմ տրամադրելու, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատասխանեց.
«Իշխանության զավթման ժամանակաշրջանում կատարված հանցագործությունների կոնտեքստից դուրս Ռ. Քոչարյանի անվան հիշատակումը համարում եմ արդեն իսկ նրա կողմից կատարված հանցագործության կոծկման, պարտակման, հանցագործությունը խրախուսելու փորձ: Սա մեկ: Երկրորդ՝ Ռ. Քոչարյանի անունը կապված է ամենամեծ մի քանի հանցագործությունների հետ: Դրանք տնտեսական բնույթի հանցագործություններն են, որոնք ՀՀ պետական շահերի և նաև բոլոր տնտեսական կարողությունների հանձնումն է ռուսական դաշնության պետական կառավարմանը, Մարտի 1-ի՝ մարդկության դեմ հանցագործությունը: Սրանք այն թեմաներն են, որոնց շրջանակում կարող է միայն հիշատակվել Ռ. Քոչարյանի անունը:
Այլ բնույթի քաղաքական, քաղաքագիտական, հասարակական բնույթի հարցերում նրա հիշատակումը համարում եմ ոտնձգություն ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Եվ, իհարկե, պարզ է նպատակը. ցանկացած երևույթի հետ Ռ. Քոչարյանի անունը շահարկելը, շոշափելը նշանակում է վարկաբեկել այդ թեման: Կամ այդ թեման է ի սկզբանե վարկաբեկված, ոնց որ, օրինակ, Գառնիկ Իսագուլյանը, կամ՝թեման շահարկողներն են վարկաբեկված»,- ապա իրավապաշտպանը հավելեց.
«Քիչ թե շատ արժանապատվություն ունեցող մարդը չի կարող իր մտքում կամ իր արտահայտություններում Ռ. Քոչարյանի անունը, բացի իմ կողմից թվարկված հանցագործություններից, ինչպես նաև չբացահայտված սպանություններից, հիշատակել:
Իսկ այն թեման, որի հետ ցանկանում են շոշափել նրա անունը, գիտակցաբար նպատակ ունեն վարկաբեկելու»:
Աղբյուրը՝ news-line.am