Դպրոցներում մանկավարժներին ստիպում են աշխատել «Այո»-ի օգտին
16:33, November 9, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններՀատկապես ՀՀ կրթական հաստատություններում «Այո»-ի օգտին աշխատելու վերաբերյալ ահազանգերը շատ են: Դպրոցների տնօրեններին ցուցակներ են ուղարկում, վերջիններս պահանջում են ուսուցիչների անձնագրային տվյալները, լրացվում են ցուցակները: Յուրաքանչյուր կրթական հաստատության ղեկավար լրացված ցուցակները հրամցնում է որպես «Այո»-ի օգտին քվեարկողների պոտենցիալ թվաքանակ: Նաեւ պարտադրում են մանկավարժներին լրացուցիչ ձայներ հավաքելու ուղղությամբ աշխատանքներ տանել:
«Գյուղապետեր, կրթական հաստատություններ… այդ ամեն ինչը սկսել է կամաց-կամաց: Նաեւ անձնագրերի, նույնականացման քարտերի հետ կապված տեղեկություններ են ստացվում: Ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման լավագույն ապացույցն են: Դրանից ավելի ի՞նչ պետք է լինի: Իշխանություններն, ըստ էության, իրենք էլ գիտեն, որ բացառապես կեղծիքներով կարելի է հաղթել, եւ այդ շրջանակում էլ գործում են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, «Նոր Հայաստան» ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին, թե ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ է պետք կիրառել, որ հնարավոր լինի կանխել վարչական, ադմինիստրատիվ ռեսուրսի լայնամասշտաբ կիրառումը, Մարտիրոսյանը նշեց. «Բացարձակ որեւէ մեխանիզմ գոյություն չունի: Եթե տոտալ ձեւով իշխանությունն ադմինիստրատիվ ռեսուրսն իրեն ենթարկեցնելով օգտագործում է, դրա վերահսկելը ո՞րն է լինելու: Որեւէ վերահսկողության լծակ գոյություն չունի Հայաստանում, որեւէ մակարդակում: Միակ վերահսկողական գործառությունը, որ մնացել է, դա իսկապես քաղաքացիների անհնազանդությունն է, քաղաքացիների բողոքն ու իշխանափոխություն իրականացնելն է: Եթե դատարան գոյություն չունի, ի՞նչ վերահսկողական լծակի մասին է խոսքը: Ամենամեծ վերահսկողական լծակը դա պետք է լինի դատարանը եւ ընտրությունները: Երկուսն էլ գոյություն չունեն մեր երկրում»,- նշեց Մարտիրոսյանը:
«Ասել, որ դրա դեմը կարող ենք առնել ինչ-որ իրավական քայլերով, դա մի քիչ դժվար է: Հիմնական զենքը պատշաճ իրազեկումն է: Այսինքն, որպեսզի մարդիկ իրազեկվեն եւ՛ խախտումների, եւ՛ կեղծիքների, եւ՛ վարչական ռեսուրսի կիրառման անթույլատրելիության մասին, եւ մյուս կողմից այս փոփոխությունների բովանդակային իրազեկման մասին է խոսքը: Պետք է ցույց տալ, թե ինչ վտանգներ է պարունակում: Սա է հիմնական հակազդեցության միջոցը: Իրազեկված քաղաքացի է պետք ունենալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Նշենք, որ ահազանգեր Վանաձորից՝ վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ, կազմակերպությունը ստացել է, դարձյալ հիմնականում դպրոցներից:
«Այս պահին ես տեղեկություն ունեմ մանկավարժական կոլեկտիվներում «Այո»-ի քարոզչության մասին: Եվ նաեւ դպրոցների տնօրեններն ընտրողների ցուցակներ են ստանում անձնագրային սեղաններից: Չեմ հասկանում, թե դա ինչի համար է: Ըստ երեւույթին, ովքեր որ հանձնաժողովի նախագահ են, նրանք են ստանում: Առայժմ, սակայն, հիմնական խնդիրը դպրոցական կոլեկտիվներում «Այո»-ի քարոզարշավ իրականացնելն է»:
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառման մասին տեղեկություններին, նշեց, որ բավական է միայն նշել, որ «Այո»-ի շտաբը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ մարզերում այդ աշխատանքը կազմակերպում են մարզպետները: Դա արդեն նշանակում է, որ ձեռքի տակ եղած բոլոր լծակները ծառայեցվելու են «Այո»-ի օգտին:
«Շտաբի բոլոր պաշտոնյաները հանրապետական են եւ նաեւ զբաղեցնում են պետական տարբեր պաշտոններ: Այսինքն, ամբողջ վարչական ռեսուրսն այս պահին բացահայտ դրված է «Այո»-ի օգտին աշխատելու գործին: Ինֆորմացիա կա, որ կանչում են ուսուցիչների եւ պահանջում են, որպեսզի իրենք ձայներ բերեն, կան նաեւ տեղեկություններ ՏԻՄ մարմիններից, որ դարձյալ «Այո»-ի օգտին ձայներ են պահանջվում: Այս պահին վարչական ամբողջ ռեսուրսը լծված է այդ գործին եւ այդ ճանապարհով փորձում են ինչ-որ բան անել: Միայն Հովիկ Աբրահամյանին նշանակելն ապացուցում է, որ ողջ իշխանական համակարգն աշխատում է դրա համար: Իշխանության գործադիր մարմինն ամբողջովին լծվելու է «Այո»-ի օգտին:
Անդրադառնալով այն լուրերին, որ մարդկանց առաջարկում են փոխել անձնագրերը՝ պատրաստակամություն հայտնելով քաղաքացիների փոխարեն վճարել նույնականացման քարտի համար պահանջվող գումարը, Արմեն Գրիգորյանը նշեց, որ ի սկզբանե էլ հայտնի էր, որ իշխանությունները ցանկանում են օգտագործել այդ ռեսուրսը եւս ընտրակեղծարարության համար:
«Ուղղակի հասկանում են, որ չունեն բավարար ձայն՝ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու, եւ օրենք փոխեցին, որ նույնականացման քարտի ռեսուրսն էլ կիրառեն»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը:
Աղբյուրը՝ galatv.am