Զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով բողոքի քննությունը հետաձգվեց
10:28, September 11, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք2015 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրում, նախագահությամբ դատավոր՝ Հ. Պետրոսյանի, տեղի ունեցավ զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Սույն բողոքով Ա. Սաքունցը պահանջել է վերացնել Գրիշա Խաչատրյանի իրավունքների խախտումը, և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:
Բողոքի քննությունը կայացավ Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի, վարույթն իրականացրած ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Եղոյանի և Կայազորի զինվորական դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանի մասնակցությամբ:
Դատական նիստի ընթացքում Տ. Սիրադեղյանը նշեց, որ տուժող կողմը դեռևս չի ծանոթացել կարճված քրեական գործի նյութերին, ուստի միջնորդեց հնարավորություն տալ՝ ծանոթանալու դրանց և դրանցից հանելու ցանկացած ծավալի պատճեններ: Այս հիմքով Տ. Սիրադեղյանը խնդրեց հետաձգել դատական նիստը:
Դատավարության մյուս մասնակիցները չառարկեցին միջնորդության դեմ: Դատարանը, հիմնավոր համարելով միջնորդությունը, բավարարեց այն, և հետաձգեց բողոքի քննությունը՝ նշանակելով 2015 թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Գ. Խաչատրյանը 2014 թ. հունիսի 20-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում մահացել է զորամասի մարտական հենակետի դիտակետում՝ գլխի աջ մասից կրակահերթով արձակված վնասվածքներից: Դեպքի առթիվ 2014 թ. հունիսի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, որի շրջանակներում Գ. Խաչատրյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության արդյունքում, սակայն, կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով: