Սաքունց. Նպաստում են, որ ՀՀ տարածքը դառնա կրիմինալ փողերի լվացման տարածք
12:40, October 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես արդեն տեղեկացրել ենք, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը ներկայացրել էր Հայաստանում ռուսական փողերի լվացման դեպք: «Մեդիա կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, քննչական ծառայությունը հանդես չեն գալիս առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության դիրքերից, հանրային սեփականության պաշտպանության դիրքերից, հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության սահմանած փողերի լվացման իրենց գործառույթների իրականացմամբ: Ավելին՝ իրենց անգործությամբ եւ գիտակցաբար դանդաղկոտությամբ նպաստում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դառնա կրիմինալ փողերի իրացման, լվացման, սպիտակեցման տարածք»,- ասաց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի խոսքերով՝ Մարինա Պողոսյանի ներկայացրած դեպքն ընդամենը 1 էպիզոդն է. «Սա հիմք է տալիս մտածելու, որ այս սխեման աշխատում է ամենատարբեր բնագավառներում, որի վկայությունն է հանդիսանում պանամյան թղթերով օֆշորային վերջին սկանդալը հանձինս՝ ԴԱՀԿ պետի մասնակցությամբ: Նույն իրավապահ փոխարեն խորանան այս հանցագործության բացահայտմամբ, սկսում են հանցագործության մասին ահազանգողի նկատմամբ բացարձակ անհիմն հետապնդումը: Խոսքը այնքան մեծ փողերի մասին է, սա մեխանիզմ է, որը ինչպես հասկացանք, գործում է շատ այլ պետական մարմինների ներգրավմամբ, մասնակցությամբ եւ հանցավոր անգործությամբ»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ այս գործում տուժող է միայն գործարար Դմիտրի Աֆոնինը. «Երեւի տեսել են իրենց սկզբի փոխանցումներով փոխադարձ պայմանավորվածությունը չի կատարվում կամ բավարարված չեն, մտածել են՝ մեկին էլ բերել, որ փողը ներդնի բնակարաններ կառուցելու համար: Այս մարդիկ պատահական չեն հայտնվել Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ՝ իրենք Մոսկվայում նույն փողոցում են ապրում»: