Դատավորը՝ ոստիկանության ներկայացուցչին. «Դուք հիմա ուղղորդում եք, որ չհիշի»
18:27, November 11, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎարչական դատարանում դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ նոյեմբերի 10-ին շարունակվում էր Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ:
Ոստիկանության ավագ Արթուր Կարապետյանը ասաց, որ 2014 հունիսի 23 դեպքերը հիշում է, բայց ոչ մանրամասն, իսկ Տարոն Սիրադեղյանին չի հիշում: Նա դժվարացավ պատասխանել դատավորի հարցերին, թե Տարոն Սիրադեղյանին տեսնի կհիշի՞, թե՞ ոչ: Նա նշեց, որ ոստիկանի օրինական պահանջ չկատարելու համար է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հավաքից Տարոն Սիրադեղյանին բերման ենթարկել: Ոստիկանը հայտարարեց, թե ում վարչական ձերբակալման է ենթարկել, իրազեկել է դուրս չգալ փողոց, չխոչընդոտել երթեւեկությանը, բացի այդ ոստիկանությունը հայտարարել է, սակայն ոստիկանության օրինական պահանջին քաղաքացիները չեն ենթարկել, այդ պատճառով էլ ոստիկանները վարչական ձերբակալում են կիրառել: Նա դժվարացավ հիշել, թե այդ օրը քանի հոգու է բերման ենթարկել: Նա նաեւ չի հիշում, թե Տարոն Սիրադեղյանը ձերբակալման պահին, կոնկրետ ինչ էր անում: «Ուժ չեմ կիրառել, իմ պահանջով ներկայացել է»,- հայտարարեց Արթուր Կարապետյանը: Ոստիկանը դժվարացավ հիշել, թե Տարոն Սիրադեղյանի հետ այլ անձանց վարչական ձերբակալում իրականացրե՞լ է, թե՞ ոչ, եւ ավտոմեքենայի մեջ բացի Տարոն Սիրադեղյանից այլ անձինք կայի՞ն, թե՞ ոչ: Նա նշեց, որ ինքն է ուղեկցել պատասխանողին եւ իր ձեռքով զեկուցագիր է լրացրել, բայց վարչարարությանը չի մասնակցել: Պատասխանելով պատասխանողի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի հարցին՝ նա ասաց, որ հավաքի սկզբից է իր ծառայությունը կատարել:
Մյուս հարցին, թե արդյոք որեւէ գործողություն կատարելու հրահանգ տրվե՞լ է, նա պատասխանեց՝ ոչ, հրահանգ է եղել, որ չխոչընդոտեն երթեւեկությանը եւ ազատել փողոցը: Պատասխանելով մեկ այլ հարցի՝ նա ասաց, որ հավաքի մասնակիցները ագրեսիվ պահվածք չեն դրսեւորել, ագրեսիվ կոչեր չի նկատել:
Տաթեւիկ Սիրադեղյանը հետաքրքրվեց նաեւ, թե վկան ոստիկանության կենդանի շղթայի կազմում եղե՞լ է, նա պատասխանեց՝ ոչ: Պատասխանողի ներկայացուցիչը հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք Տարոն Սիրադեղյանը լսե՞լ է իր պահանջը, Արթուր Կարապետյանն ասաց, թե չի կարող ասել լսե՞լ է, թե՞ չէ, կարող է լսած լինի, կարող է լսած չլինի, ոստիկանությունը բարձրախոսով նախազգուշացրել է: Տաթեւիկ Սիրադեղյանը ճշտեց, արդյոք ոստիկանությունը բարձրախոսով նախազգուշացրե՞լ է, պահանջ է ներկայացվել, նա պատասխանեց՝ այո: Տաթեւիկ Սիրադեղյանը զգուշացրեց, որ ոստիկանը նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու մասին, եւ այդ օրը բարձրախոսով ոստիկանությունը պահանջ չի ներկայացրել: Արթուր Կարապետյանն ասաց, որ հնարավոր է շփոթում է, կոնկրետ չի կարող ասել, բայց լսել է նման հայտարարություն: Տաթեւիկ Սիրադեղյանի հարցին, թե վարչական ձերբակալում իրականացնելիս ինչպե՞ս է ներկայացրել, ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը առարկեց. «Առարկում եմ, որ հարցը կոնկրետ Տարոն Սիրադեղյանի մասին է, մի քանի անգամ ասաց, որ կոնկրետ չի հիշում Տարոն Սիրադեղյանին»: «Քանի որ նիստի ընթացքում ավելի երկար ժամանակ է նայում, կարող է հիշի, դուք ինչու եք անհանգստանում»,- ասաց դատավորը:
«Որ հիշեր, կասեր»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը: «Դուք հիմա ուղղորդում եք, որ չհիշի»,- նկատեց դատավոր Այվազյանը: «Ո՛չ, չեմ ուղղորդում: Նույն հարցին մի քանի անկյունից է ներկայացնում»,- ասաց Դեմիրխանյանը: «Ոստիկանը պարտավոր է ներկայանալ»,- նկատեց պատասխանողի ներկայացուցիչը: Դատավորը հարցը չհանեց, իսկ Արթուր Կարապետյանը պատասխանեց, որ չի հիշում, թե ինչպես է ներկայացրել: Տարոն Սիրադեղյանը եւս հարցեր ուներ՝«Ո՞ր հատվածում է ինձ ներկայացրել օրինական պահանջը, եւ ի՞նչ գործողություն է կատարվել օրինական պահանջը ներկայացնելուց հետո», վկան պատասխանեց, որ բավականին ժամանակ է անցել եւ չի հիշում: «Իսկ գուցե ինձ Դուք չեք ձերբակալել»,- հարցրեց պատասխանողը: «Ինչ գրված է զեկուցագրում, ես եմ գրել, ընդունեք որպես հիմք»,- պատասխանեց Արթուր Կարապետյանը:
Ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը եւս վկային հարց ուներ, դատավորը զգուշացրեց, որ հարցը ուղղորդող չլինի: Ոստիկանության ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե ձերբակալումն իրականացնելիս ոստիկանին օգնե՞լ են, նա պատասխանեց՝ ոչ, մենակ է եղել:
Աղբյուրը՝ aravot.am
Տես նաև՝ aravot.am