«Անպայման կաշառք կլինի, ընդդիմության խնդիրը տեղամասերում պինդ ու անկաշառ անձինք ունենալն է»
22:41, November 11, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններՕրերս ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Հայաստանի ընտրական տեղամասերի նախագահների ու քարտուղարների ցանկը, ովքեր ընդգրկված են լինելու դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ընտրական գործընթացին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից տեղեկանում ենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումը տեղի է ունեցել էլեկտրոնային վիճակահանությամբ՝ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:
Այսպիսով՝ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 888
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 621
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 111
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 111,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 111:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ անգամ այս դեպքում հնարավոր է ընտրական տեղամասում պատշաճ վերահսկողություն իրականացնել վստահված անձանց ու դիտորդների միջոցով:
«Հնարավոր է սահմանել վերահսկողություն, ուղղակի այդքան պինդ, չկաշառվող մարդիկ են պետք: 2013 թվականի ընտրությունների ժամանակ այն տեղամասերում, որտեղ չկային դիտորդներ կամ վստահված անձինք, այդ տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծման շնորհիվ Սերժ Սարգսյանն անցավ: Շան գլուխը բոլորովին այլ տեղ է թաղված, որ վարչական ռեսուրսները, քրեական էլեմենտներ, բյուջետային հիմնարկների հնարավորություններն այսօր օգտագործվում են իշխանության կողմից: Պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ են հարկավոր, նաեւ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի կարողանան բոլոր տեղամասերում մարդիկ ուղարկել ու վերահսկողություն սահմանել»,- նշեց իրավապաշտպանը:
Հանրաքվեի օրն ընտրական տեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում ՀՀ քաղաքացիները դեռեւս ակտիվություն չեն ցուցաբերում, սակայն իրավապաշտպանը վստահ է, որ հանրաքվեի գործընթացին նախորդող օրերին արդեն էական տեղաշարժեր կլինեն:
Կարեւորն այն է, որ, ըստ Սաքունցի, մարդիկ գիտակցեն դեկտեմբերի 6-ի գործընթացի կարեւորությունն ու չտրվեն ինչ-որ գայթակղությունների, սադրանքների ու ճնշումների չենթարկվեն. «Քվեարկության օրից մի քանի օր առաջ նկատվում է ակտիվություն, հիմա խնդիրն այն է, որ ժողովուրդը հասկանա՝ սա քվեարկություն է նախագահական ինստիտուտի համար, տարբերություն չդնեն, որ 2013-ին ուրիշ էր, հիմա ուրիշ, մարդիկ չվախենան, չկաշառվեն, ճնշումների չենթարկվեն: Վստահված անձինք մեծ լիազորություններ ունեն ընտրական տեղամասում, դրա համար կեղծիքներից ապահովման հիմնական մեխանիզմներից մեկը վստահված անձանց ու դիտորդների ներկայությունն է»,- նշեց Արթուր Սաքունցը՝ հավելելով նաեւ, որ վստահ է՝ իշխանությունները հանրաքվեի ու դրան նախորդող օրերին նաեւ կաշառք բաժանելու ակտիվ գործով կզբաղվեն. «Անպայման կաշառք կլինի, առանց դրա չի լինի:
Պետք է ասել նաեւ, որ եթե միայն մի կողմի խախտումներն է արձանագրվում, իսկ մյուս կողմինը հովանավորվում է, սա անհավասարության դրսեւորում է: Հիմա ստացվում է՝ ընդդիմությունն ասում է՝ կարող եք վճարել «ոչ»-ի ֆոնդին, «այո»-ի շտաբից ով է լսել, որ ասեն մուծումներ արեք, ՀՀԿ-ն իր ֆինանսական ռեսուրսներով երեք անգամ ավելի է, քան մյուս բոլոր քաղաքական ուժերը միասին վերցրած: Սպասենք, հանրաքվեից մի շաբաթ առաջ պրոցեսներն ավելի հետաքրքիր կզարգանան»,- եզրափակեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ galatv.am