Հելսինկյան գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը՝ ԵԱՀԿ-ի առաքելություն
15:37, December 12, 2017 | Համատեղ, Հայտարարություններ
Դեկտեմբերի 11, 2017
Մենք՝ «Քաղաքացիական համերաշխության հարթակի» անդամներս, կարծում ենք, որ ԵԱՀԿ-ի աշխատանքին քաղաքացիական հասարակության մասնակցության սահմանափակումը հսկայական խոչընդոտ կլիներ Հելսինկյան գործընթացի համար և դավաճանություն՝ խաղաղության ամրապնդմանն ուղղված այս բացառիկ նախաձեռնության ոգուն ու հիմնարար արժեքներին:
Չորս տասնամյակ շարունակ քաղաքացիական հասարակության խմբերը վճռական դեր են խաղացել Կոնֆերանսի, այնուհետև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում մարդու իրավունքների ոլորտում մասնակից պետությունների կողմից ստանձնած պարտավորվածությունների կատարումը մշտադիտարկելու, արձանագրելու և դրա մասին զեկուցելու մեջ: Համագործակցելով ԵԱՀԿ-ի հետ՝ ՀԿ-ները օգնել են օրակարգի կենտրոնում պահել մարդու իրավունքները, ուշադրություն հրավիրել մարդու իրավունքների ճգնաժամի վրա և ձևավորել ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների հրատապ խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները: Այժմ որոշ կառավարություններ, որոնք քաղաքացիական հասարակության գործունեությունն իրենց երկրներում սահմանափակող օրենսդրություն և քաղաքականություն են ընդունել, ջանում են նոր կանոններ և կանոնակարգեր ընդունել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԵԱՀԿ-ի մակարդակում սահամանափակելու համար: Այս նպատակով միջոցներ ձեռնարկելը բացասաբար և անդառնալիորեն կազդեր ԵԱՀԿ-ի նկատմամբ վստահության վրա այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակության գործիչներն աննախադեպ ճնշման են ենթարկվում տարածաշրջանում և ավելի քան երբևէ ԵԱՀԿ-ի հարթակների կարիքն ունեն իրենց ձայները լսելի դարձնելու համար:
ԵԱՀԿ-ն առաջին միջազգային կառույցն էր, որ համապարփակ մոտեցում որդեգրեց անվտանգության նկատմամբ, երբ մասնակից պետությունները համաձայնեցին մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ընդունել որպես ԵԱՀԿ-ի հիմնարար սյուներից մեկը և հաշվետու լինել միմյանց և իրենց իսկ քաղաքացիներին՝ այս ոլորտում գրանցած հաջողությունների համար: 1975թ.-ին Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրելիս թե արևմտյան, թե արևելյան դաշինքի պետությունները նաև ընդունեցին մարդկանց՝ իրենց իրավունքներն իմանալու և դրանց համաձայն գործելու իրավունքը, ինչպես նաև Հելսինկյան գործընթացին նպաստելու համար հաստատեցին այն պարտավորությունները, որոնք հետագայում բազմիցս վերահաստատվել են ԵԱՀԿ-ի մի շարք փաստաթղթերում: Բացի դրանից, Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրող կողմերը պարտավորվեցին հրապարակել և լայնորեն տարածել այդ փաստաթուղթն իրենց երկրներում: Հելսինկյան կոնֆերանսը և Հելսինկիի եզրափակիչ ակտը նպաստեցին Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայում այսպես կոչված հելսինկյան խմբերի առաջացմանը, որոնց նպատակն էր մշտադիտարկել համաձայնության կատարումը: Չնայած այս խմբերը ստիպված էին գործել գաղտնի և խիստ հալածանքների էին ենթարկվում իրենց կառավարությունների կողմից, դրանք իրականացնում էին իրենց գործունեությունը վճռականորեն՝ արևմտյան երկրներում ստեղծված համերաշխության խմբերի աջակցությամբ: Ինչպես հայտնի է պատմությունից, հելսինկյան խմբերն այն զանգվածային շարժումների մասն էին կազմում, որոնք նպաստեցին կոմունիստական իշխանության փլուզմանն ու Սառը պատերազմի ավարտին: Այս նախաձեռնողներն ու քաղաքացիական հասարակության խմբերը, որ շարունակել են իրենց նորարական աշխատանքը, առաջնորդվել են այն համոզմամբ, որ քաղաքացիների մասնակցությունը Հելսինկյան գործընթացի և հետևաբար ԵԱՀԿ-ի տարածքում խաղաղություն ու բարգավաճում ապահովելու ջանքերի կարևոր բաղադրիչ է:
ԵԱՀԿ-ի միջոցառումներին քաղաքացիական հասարակության մասնակցության համար ներկայիս մեխանիզմները սահմանված են 1992թ.-ի Հելսինկիի հանդիպման Եզրափակիչ փաստաթղթով, ինչպես նաև 2002թ.-ին Մշտական խորհրդի կողմից ընդունված թիվ 476 որոշմամբ: Այս կանոնակարգերն իրավունք են տալիս ՀԿ-ների ներկայացուցիչներին մասնակցելու և կառավարության ներկայացուցիչներին հավասար ներդրում ունենալու մարդու իրավունքների վիճակի մասին կոնֆերանսներին, մարդու իրավունքների իրացման հանդիպումներին և սեմինարներին պայմանով, որ նրանք գրանցվեն Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակում (ԺՀՄԻԳ): Այն պետությունները, որոնք ձգտում են փոխել այս կանոնները և սահմանափակել ՀԿ-ների այս իրավունքը, սատարում են այն ընթացակարգերին, որոնք իրավունք կշնորհեին կառավարություններին հաստատելու և հետևաբար նաև արգելափակելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, օրինակ, որովհետև նրանց կազմակերպությունները գրանցված չեն ներպետական մակարդակում, համարվում է, որ նրանք չունեն «համապատասխան» փորձ կամ մեղադրվում են «ծայրահեղականությանը» կամ «ահաբեկչությանը» սատարելու մեջ: Պետական հաստատման ցանկացած այսպիսի կարգ կհակասեր ԵԱՀԿ-ի միջոցառումներին ՀԿ-ների անարգել և հավասար հիմունքներով մասնակցության սկզբունքին և հնարավորություն կստեղծեր կամայական, ընտրական, խտրական և քաղաքականորեն հիմնավորված որոշումներ կայացնելու՝ սահմանափակելու այն կազմակերպությունների և անհատների մասնակցության իրավունքը, որ քննադատում են իրենց կառավարությունների քաղաքականությունը և անդրադառնում իշխանությունների համար անհարմար խնդիրներին: Անցյալում որոշ մասնակից պետություններ ձգտել են կանխել քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների մասնակցությունը Մարդու իրավունքների իրացման ամենամյա հանդիպմանը և ԵԱՀԿ-ի այլ միջոցառումներին:
Վերջին տարիներին ԵԱՀԿ-ի տարածքի շատ երկրներում նկատվում է քաղաքացիական հասարակության գործունեության նվազման և անգամ դադարեցման միտում: Որպես այս միտման մաս՝ պետություններն օգտվել են անվտանգության մտավախություններից՝ արդարացնելու քաղաքացիական հասարակության՝ լուրջ հետևանքների հանգեցնող սահմանափակումները և ճնշելու այն ՀԿ-ներին, որոնք աշխատում են «զգայուն» խնդիրների՝ մասնավորապես մարդու իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված: Ի թիվս այլ միջոցների՝ պետությունները հրաժարվել են գրանցել և անգամ ստիպել են որոշ ՀԿ-ների փակվել՝ դրանց «օտարերկրյա գործակալներ» պիտակելով և պատասխանատվության ենթարկել դրանց առաջնորդներին՝ օգտագործելով ծայրահեղականության և ահաբեկչության վերաբերյալ լայն ձևակերպում ունեցող օրենքներ, որոնք չեն համապատասխանում օրինականության հիմնարար սկզբունքին և կարող են կիրառվել այնպիսի վարքի դեմ, որը ոչ մի կապ չունի բռնության հետ: Հատկապես այն իրավապաշտպան խմբերն ու իրավապաշտպանները, ովքեր աշխատում են խթանել կանանց, փոքրամասնությունների և խոցելի համայնքների իրավունքները, ենթարկվում են հետապնդման: Ազգային մակարդակով իրականացվող այսպիսի ճնշող քաղաքականությանը չպետք է թույլատրվի ազդել ԵԱՀԿ-ի մակարդակով ՀԿ-ների մասնակցության ընթացակարգերի և կանոնների վրա՝ թույլ տալով պետություններին արդարացնել այն խմբերի մասնակցության իրավունքի սահմանափակումը, որոնք թիրախավորվել են միայն իրենց ազատ արտահայտման, միավորումներ կազմելու և հավաքներին մասնակցելու հիմնարար իրավունքները խաղաղ և օրինական ձևով իրացնելու համար:
Խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու իրավունքի հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող Մաինա Կիայը նախազգուշացրել է միջազգային մակարդակով քաղաքացիական հասարակության գործունեության դաշտը փակելու վտանգի մասին որոշ կառավարությունների՝ ՀԿ-ները ոչ միայն իրենց երկրներում, այլև միջազգային ասպարեզում լռեցնելու ջանքերի պատճառով: ՀԿ-ների հետ միասին նա քննադատել է ՀԿ-ների հավատարմագրման ներկայիս կարգը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի միջոցով, որի ՀԿ-ների հարցերով հանձնաժողովը որոշում է ՀԿ-ների համար ՄԱԿ-ի խորհրդատվական կարգավիճակը: Խորհրդատվական կարգավիճակ ունենալը թույլ է տալիս ՀԿ-ներին մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի մի շարք կառույցներին և գործընթացներին, ներառյալ Մարդու իրավունքների խորհուրդը, որտեղ նրանք կարող են հանդես գալ բանավոր և գրավոր հայտարարություններով և կազմակերպել կողմնակի միջոցառումներ: Ինչպես նշվում է 45 երկրներից 230 ՀԿ-ների կողմից 2016թ.-ի մայիսին ստորագրված համատեղ կոչում, որոշ պետություններ օգտագործում են ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի կողմից հավատարմագրման ընթացակարգը՝ դիտավորյալ ձգձգելու կամ արգելափակելու ՀԿ-ների մասնակցությունը ՄԱԿ-ում անվերջ հարցաքննության և հավաստագրման դիմումները վերանայելու պարբերաբար հետաձգման միջոցով: Սա հանգեցրել է նրան, որ ՀԿ-ներին մերժել են հավատարմագրման հարցում տարիներ շարունակ: Այսպիսով, առանձին պետություններն իրենց գործողություններով դարձրել են ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի ՀԿ-ների հարցերով հանձնաժողովի գլխավորապես տեխնիկական դերը քաղաքականացված գործընթաց, որն օգտագործվում է խոչընդոտելու այնպիսի ՀԿ-ների մասնակցությունը, որոնք աշխատում են իրենց պետությունների կողմից հավանության չարժանացած հարցերի վրա: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ները հավատարմագիր ձեռքբերման գործում ամենաշատ խոչընդոտների հանդիպող կազմակերպություններից են:
Ինչպես շեշտել է Խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու իրավունքի հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող Մաինա Կիայը, ECOSOC- ի հավատարմագրման գործընթացի չարաշահումը ՀԿ-ների մասնակցությունն արգելափակելու համար «խորապես քայքայել է ՄԱԿ-ի՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու ունակությունը»՝ կազմակերպության նկատմամբ վստահության և դրա ընդհանուր արդյունավետության վրա բացասաբար ազդելով: Այս օրինակը պետք է որպես նախազգուշացում ծառայի ԵԱՀԿ-ի համար: Այնպիսի կանոնակարգեր կամ ընթացակարգեր ընդունելու փոխարեն, որոնք կարող են օգտագործվել ՀԿ-ների մասնակցությունը քաղաքական նպատակներով սահմանափակելու համար, ԵԱՀԿ-ն պետք է կենտրոնանա ՀԿ-ների՝ կազմակերպության աշխատանքին մասնակցելու և ներդրում ունենալու հնարավորությունների զարգացման ու հետագա ամրապնդման վրա: Դա պետք է ներառի կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության առկա ձևաչափերին համալրող նոր ձևաչափերի ընդունման հարցը: ԵԱՀԿ-ն՝ համաձայն իր հիմնարար արժեքների, պարտավոր է սատարել քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնք ճնշված են և զրկված իրենց հիմնարար իրավունքներից իրենց երկրում, և հարթակ տրամադրել իրենց դիրքորոշումն արտահայտելու համար, քանի որ այդ կազմակերպություններն իրենց կառավարությունների հետ հաղորդակցման անմիջական ուղիներ չունեն:
ԵԱՀԿ-ի մասնակից պետությունները հենց իրենք բազմիցս ընդունել են, որ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կարևոր է կազմակերպության նպատակների իրականացմանն ուղղված առաջընթացի համար, և հենց այդ պետությունները պարտավորվել են երաշխավորել քաղաքացիական հասարակության խմբերի անարգել մասնակցությունը ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին: ԵԱՀԿ-ի Իրավապաշտպանների պաշտպանության վերաբերյալ ուղենիշերը, որոնք հիմնված են ԵԱՀԿ-ի պարտավորվածությունների և մարդու իրավունքների համընդհանուր ճանաչված ստանդարտների հիման վրա, նաև պահանջում են մասնակից պետություններից խուսափել իրավապաշտպանների՝ տեղեկատվություն տրամադրելու, հայցեր ներկայացնելու կամ միջազգային կառույցների՝ այդ թվում նաև ԵԱՀԿ կառույցների հետ հանդիպումներին մասնակցելու իրավունքները խախտելուց:
Ինչպես ՄԱԿ-ի դեպքում, ՀԿ-ների՝ ԵԱՀԿ-ի միջոցառումներին անարգել մասնակցության ապահովումը ոչ միայն այս խմբերի և դրանց ներկայացրած համայնքների իրավունքները երաշխավորելու հարց է, այլև ԵԱՀԿ-ի առաքելության արդյունավետության և դրա նկատմամբ վստահության ապահովման հարց: Կազմակերպությունը հիմնադրվել է՝ խթանելու խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունն ու Վանկուվերից Վլադիվոստոկ ձգվող լայն տարածաշրջանի մարդկանց իրավունքները, ոչ թե ծառայելու որպես կառավարությունների համար իրենց շահերը պաշտպանելու հարթակ: Որոշ մասնակից երկրների կողմից քաղաքացիական հասարակության մասնակցությունը սահմանափակելու վերջին փորձերը հակասում են այս նպատակներին և ինքնին կարող են համարվել ԵԱՀԿ-ի տարածքում խաղաղության և կայունության սպառնալիքի վաղ ահազանգման նշաններ: ՀԿ-ների այն գործիչների մասնակցությունը, ովքեր անդրադառնում են մարդու անվտանգության հետ կապված համալիր խնդիրներին, կազմակերպության համապարփակ և ներառական անվտանգության օրակարգի կարևոր բաղադրիչ է և հակամարտությունների կանխման, ժողովրդավարականացման և խաղասիրական գործընթացներում երկարատև հաջողության նախապայման: Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետություններին ապահովելու, որ կազմակերպությունը շարունակի ծառայել իր հիմնարար դերին գալիք տարիներին, և որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը մնա Հելսինկյան գործընթացի կենտրոնում:
Ստորագրված Քաղաքացիական համերաշխության հետևյալ անդամների կողմից՝
Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (IPHR, Բելգիա)
Բուլղարիայի Հելսինկյան կոմիտե
Հանրային վճիռ (Ռուսաստան)
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Շվեյցարիայի Հելսինկյան կոմիտե
Մակեդոնիայի Հելսինկյան կոմիտե
Քաղաքացիական ազատությունների կենտրոն (Ուկրաինա)
DRA – Գերմանա-ռուսական փոխանակում (Գերմանիա)
«Հանրային այլընտրանք» Խարկովի տարածաշրջանային հիմնադրամ (Ուկրաինա)
Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն (Ռուսաստան)
Դոնի շրջանի կանանց միություն (Ռուսաստան)
Հունգարիայի Հելսինկյան կոմիտե
Քաղաքացիական վերահսկողություն (Ռուսաստան)
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (Հայաստան)
Մարդու իրավունքների շարժում «Բիր Դուինո-Ղրղզստան»
Ղազախստանի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջազգային բյուրո
Իրավական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (Ղազախստան)
Բարիս Զվոզսկաուի Բելառուսի Մարդու իրավունքների տուն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Հայաստան)
«Մարդու իրավունքների հարց» (Գերմանիա)
Քաղաքացիական իրավունքների գրասենյակ (Տաջիկստան)
Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամ (Լեհաստան)
«Արժանապատվություն» հասարակական միավորում (Ղազախստան)
Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն (Վրաստան/Ադրբեջան)
Ավստրիայի Հելսինկյան ասոցիացիա
Պարզ հաշվետողականություն (ԱՄՆ)
«Վիասնա» մարդու իրավունքների կենտրոն (Բելարուս)
Իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների պահպանումը մշտադիտարկողների ուկրաինական ասոցիացիա (UMDPL)
SOVA տեղեկատվական և վերլուծական կենտրոն (Ռուսաստան)
Հոդված 19 (Միացյալ Թագավորություն)
ZARA – Zivilcourage und Anti-Rassismus-Arbeit (Ավստրիա)
«Համաձայնություն» IDP կանանց ասոցիացիա (Վրաստան)
Խոշտանգումների զոհերի վերականգնողական կենտրոն Կոսովոյում (KRCT)
Մոսկվայի Հելսինկյան խումբ
Նոտա Բենե (Տաջիկստան)
Ադրբեջանի մարդու իրավունքների կենտրոն
Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե
Իտալական կոալիցիա հանուն քաղաքացիական ազատությունների և իրավունքների (CILD)
ՄԻԱՑՅԱԼ հանուն միջազգային համագործակցության (Նիդերլանդներ)
Լյուդվիգ Բոլցմանի մարդու իրավունքների ինստիտուտ (Ավստրիա)
Պրոմո ԼԵՔՍ (Մոլդովա)
Մարդու իրավունքների խումբ «Քաղաքացի.բանակ.օրենք» (Ռուսաստան)
Humanrights.ch (Շվեյցարիա)
Արդար դատավարություններ (Միացյալ Թագավորություն)
Մասնակցության և զարգացման կենտրոն (CPD, Վրաստան)
Մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտ (Լիտվա)
Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպություն (OMCT)
Եվրոպայի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խումբ
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ (IRFS,Ադրբեջան)
ԵԱՀԿ ցանց (Շվեդիա)
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե
-
Տես Համբուրգի հռչակագիրը քաղաքացիական հասարակության գործունեության պաշտպանման և ընդլայնման մասին, որն ընդունվել է ԵԱՀԿ-ի քաղաքացիական հասարակության 2016թ.-ի զուգահեռ կոնֆերանսի մասնակիցների կողմից, Համբուրգ, 2017թ.-ի դեկտեմբերի 6-7, http://www.civicsolidarity.org/sites/default/files/parallel_civil_society_conference_outcome_documents_hamburg_december_2016_final.pdf; ինչպես նաև ԵԱՀԿ-ի քաղաքացիական հասարակության 2017թ.-ի զուգահեռ կոնֆերանսի վերջնական փաստաթուղթը, Վիեննա, 2017թ.-ի դեկտեմբերի 5-6 [add link].
-
Տես Վիեննայի Հռչակագիրը անվտանգության միջոցառումների՝ մարդու իրավունքների նկատմամբ գերակայության կանխման մասին, որն ընդունվել է ԵԱՀԿ-ի քաղաքացիական հասարակության 2017թ.-ի զուգահեռ կոնֆերանսի մասնակիցների կողմից [add link].
-
Տես մեկնաբանությունը՝ http://freeassembly.net/news/commentary-ngo-committee/
-
Կոչը հասանելի է այստեղ՝ https://www.ishr.ch/sites/default/files/documents/final_ecosoc_ngo_committee_english.pdf
-
http://freeassembly.net/news/commentary-ngo-committee/
-
Քաղաքացիական հասարակության՝ ԵԱՀԿ-ին մասնակցության բարելավման համար այլ հանձնարարականներին ծանոթանալու համար տես ԵԱՀԿ-ի քաղաքացիական հասարակության 2017թ.-ի զուգահեռ կոնֆերանսի վերջնական փաստաթուղթը, Վիեննա, 2017թ.-ի դեկտեմբերի 5-6