Պնախարարը փոխանակ բանակում մահացածության դեպքերը նվազեցնի, «Ազգ-բանակ» կոնցեպցիան է առաջարկում. Սաքունց
10:47, December 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ զինված ուժերում լուրջ խնդիր կա կարգապահության, մարդու իրավունքների պաշտպանության, եւ նաեւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով այն փաստին, որ 2017 թվականին ՀՀ զինված ուժերում մինչեւ դեկտեմբեր ամիսը 52 զոհ է եղել, որից 30-ը ոչ մարտական պայմաններում է մահացել:
«Այս թվերը ցույց են տալիս, որ մահացածության դեպքերը բանակում ոչ միայն չեն նվազում, այլ նաեւ մեծանում են ոչ մարտական պայմաններում զոհվածների թիվը, ինչը, բնականաբար, մտահոգիչ է: Դեպքերի մեծամասնության դեպքում էլ սպայական անձնակազմն ընդամենը կարգապահական տույժերի է ենթարկվում»,-ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով` այս թվերը առաջին հերթին պետք է պաշտպանության նախարարը մեկնաբանի. «Այս հարցը իրականում պետք է առաջինը ուղղենք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որ փոխարեն բանակում մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովվի, մահացության դեպքերը կանխի, ոչ կանոնադրական հարաբերությունները կարգավորի, «Ազգ-բանակ» կոնցեպցիան է առաջարկում, որի բուն նպատակը բոլորին զինվոր դարձնելն է, այն դեպքում, երբ այս պահին ծառայող զինվորների եւ սպաների համար արժանապատիվ պայմաններ չեն ապահովվում»:
Նշենք, որ 2017 թվականի ընթացքում` մինչեւ դեկտեմբեր ամիսը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով։
2017 թվականի 11 ամիսների ընթացքում մահացել է 52 զինծառայող, որից 22-ը զոհվել է հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով, իսկ 30-ը ըստ նախնական տվյալների՝ զենքի հետ անզգույշ վարվելու, ինքնասպանության հասցնելու, առողջական խնդիրների, դժբախտ պատահարների, զինծառայակցի կողմից պատճառված վնասի և այլ պատճառներով: