Սերժ Սարգսյանի հակասահմանադրական ելույթը
15:54, December 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԴեկտեմբերի 9-ին կայացած Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին Հայաստանի դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը համայքների ղեկավարների առաջ հնչեցրել է այնպիսի մտքեր, որոնք եթե բացեիբաց արտասաներ որևէ ժողովրդավար երկրի, ասենք՝ Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի ղեկավարը, պատմությունը կավարտվեր առնվազն իշխող ուժի հրաժարականով։ Իսկ ի՞նչ է ասել Հայաստանի դե ֆակտո նախագահը։
Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ ինքը տեղյակ է որոշ համայնքապետերի կատարած հանցագործությունների մասին, բայց դրանք իր գիտությամբ մնացել են անպատիժ։ Սարգսյանի բառացի խոսքով՝
«գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ»։
Սերժ Սարգսյանն այստեղ դադարեցնում է համայնքապետերի կողմից թույլ տրված իրեն հայտնի հանցատեսակներիի նկարագրությունը, պատճառաբանելով, թե չի մանրամասնում, քանի որ այդ խոսակցությունն իր համար տհաճ է։ Հետո՝ իրեն վերապահելով իրավապահ համակարգին հատուկ պատժողական ֆունկցիա, Սարգսյանը շարադրում է, թե ինչու է ինքն աչք փակել համայնքապետերի թույլ տված չարաշահումների վրա․
«Շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է»,- նշում է Սերժ Սարգսյանը և զգուշացնում՝ Նոր տարուց հետո նման չարաշահումների դեպքերը չեն ներվելու․
«Մեկը թող ներողամտություն չհայցի ու սպասի, որ իրեն ներելու են»,- ասում է նա։
Հայաստանի 9․5 տարվա դե յուրե նախագահ Սերժ Սարգսյանը, որը 2018 թվականի ապրիլին ավարտում է պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և ըստ խոսակցությունների, հավակնում է դառնալ վարչապետ, այսպիսով խոստովանում է, որ տարիներ ի վեր համայնքապետերի հանցագործությունները միտումնավոր թաքցվել են և իրավական գնահատականի չեն արժանացել՝ ելնելով ինչ-ինչ նպատակներից։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ սա մեկ բան է նշանակում․
«Մենք պետություն չունենք, մենք օրենքներ ու Սահմանադրություն չունենք, այսինքն՝ կարող ենք ամոթանքով սահմանափակվել։ Իսկ հետո ընտրության սկզբունքով մեկին կպատժի, մեկին՝ ոչ, եթե ինքը ուզենա և եթե պահը գա։ Սա երկրի նախագահի խայտառակ խոստովանություն է, այ ամոթը սա է»։
Հաջորդիվ Սերժ Սարգսյանն ընդգծում է․
«Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել»:
Իր խոսքում Սարգսյանը համանքի ղեկավարներին նաև հորդորում է համակերպվել բացառապես սահմանված աշխատավարձի դիմաց աշխատելու մտքի հետ․ «Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի»։ Այլ խոսքով՝ հանցագործ համայնքապետերն առաջիկայում չեն ունենա Սերժ Սարգսյանի աջակցությունը և կհայտնվեն դատարանում։
Իրականում, ՀՀ Սահմանադրության՝ նախագահին վերաբերող գլխում պարզ գրված է, որ նախագահն իրավունք ունի ներել միայն դատարանի կողմից պատիժ ստացած հանցագործին։ Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը մինչ այս «ներել է» դատարանի առաջ չկանգնած պաշտոնյաների արարքները և այդպիսով կասեցվել է քրեական գործի հարուցումն ու քննությունը։ Այսինքն՝ նախագահի ինքնիրավչության արդյունքում իրավապահ համակարգը չի կատարել իրեն Սահմանադրությամբ վերապահված պարտականությունը՝ հանցագործությունները չեն քննվել, գործերը չեն հասել դատարաններ, և համայնքապետերի գործողությունները մնացել են անպատիժ։
Եկեք հասկանանք, թե ինչի՞ց հետո է Սերժ Սարգսյանը կարծրացնում վերաբերմունքը համայնքապետերի նկատմամբ։ Տեղի է ունեցել համայնքների խոշորացում, թվով 465 համայնքների փոխարեն արդեն կա 52 խոշորացված համայնք։ Նոյեմբերին դրանց մեծ մասում ՏԻՄ ընտրություններ էին և ընտրված համայնքապետերը պատասխանատու են դարձել ավելի մեծաթիվ բնակչության համար, ինը նշանակում է, որ նրանք հետայսու ավելի մեծ գումարներ են տնօրինելու։ Իսկ դա մեծացնում է ֆինանսական չարաշահումներ կատարելու և համայնքների միջոցները յուրացնելու գայթակղությունը համայնքապետերի կողմից։ Սերժ Սարգսյանի խիստ խոսքերի իմաստը հետևյալն է՝ մինչև հիմա ինչ կերել եք, ձեզ հալալ է, սրանից հետո՝ կանոնները փոխվում են։ Սա, միգուցե այլ պարագայում ճիշտ մարտավարություն լիներ նախագահի կողմից, բայց ոչ՝ իրավական պատասխանատվության ինստիտուտի արհամարհման գնով։
Ինչո՞ւ իրավական գործընթաց չսկսել և չքննել համայնքապետերի կողմից Սերժ Սարգսյանին հայտնի չարաշահումների դեպքերը, չէ՞ որ թալանվել է հասարակության ունեցվածքը։ Ինքը՝ Սերժ Սարգսյանը, այս հարցին այդպես էլ լիարժեք չի պատասխանում, բայց այստեղ թերևս անելիք ունի Գլխավոր Դատախազությունը։ Սերժ Սարգսյանի անկեղծ խոստովանությունները համայնքապետերի առաջ այսքանով չեն ավարտվում։ Մեկ այլ դրվագում նա նշում է, թե իշխանությունն իրականում թուլություն է ցուցաբերում, երբ չի պարտադրում բնակիչներին վճարել հարկերը։ Ուշագրավը նրա խոսքի ոչ թե այս հատվածն է, այլ այն միտքը, որ հարկեր չվճարելու հանգամանքի վրա իր իշխանությունը աչք է փակել՝ ելնելով քաղաքական, այն է՝ ընտրություններում ձայներ չկորցնելու նպատակներից․
«Պետք չէ, որպեսզի մենք, այսպես ասած, լավություն անենք մարդկանց՝ ի հաշիվ մեր զարգացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ համայնքապետները մտածում են, որ վաղը, մյուս օրը ընտրություն է լինելու, չգիտեմ, որոշակի խնդիրներ և այլն․․․»:
Սերժ Սարգսյանն այսպիսով հետայսու անթույլատրելի է համարում ընտրություններում քաղաքացիներից աջակցություն ստանալու քողի տակ թերի հարկահավաքությունը։ Ու նորից դիմենք ՀՀ Սահմանադրությանը, հասկանալու համար՝ արդյո՞ք Նախագահն իրավունք ունի քաղաքացիների մի մասին թույլատրել չվճարել հարկերը, իսկ մյուս մասին՝ ոչ։ Գործող Սահմանադրության 28-րդ հոդվածն օրենքի առջև ընդհանուր հավասարության վերաբերյալ է, որում բառացի ասվում է․
«Բոլորը հավասար են օրենքի առջև»:
Իսկ թե ինչպես է այս դրույթը կիրառվում գործնականում, բացահայտում է հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը՝ ընտրովի։ Տարիներ շարունակ քաղաքացիների մի մասին թույլատրվել է հարկ չվճարել՝ ընտրություններին իշխանության ձայն տալու դիմաց, իսկ մյուս մասին, հավանաբար՝ ընդդիմադիր ընտրազանգվածին, պարտադրվել է լինել օրինավոր հարկ վճարող։
Եթե Հայաստանն ավտորիտար պետություն չլիներ, իրավապահ մարմինները քննության կառնեին նախագահի այս հայտարարությունները։ Հարուցված քրեական գործի շրջանակում երկրի 10-ամյա փաստացի ղեկավարը որպես կասկածյալ ցուցմունք կտար ու կհայտներ, թե ինչպես է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կոծկել քաղաքապետերի ու գյուղապետերի հանցագործությունները։ Արդյունքում՝ պետությանը հասցված վնասը ոչ միայն կվերականգնվեր, այլև դատարանը հանցագործություններ կոծկած նախագահի գործունեությանը կտար արդար գնահատական։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Սերժ Սարգսյանի հայտարարություններին կոշտ գնահատական է տալիս․
«Երբ պետության ղեկավար կոչվածի համար արժեքային հասկացություններ են հանդիսանում աղա-նոքար հարաբերությունը, ոչ թե իրավունքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարությունը, հաշվետվողականությունը և օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվությունը, ապա այդ պետությունը դառնում է ցեղախումբ, տոհմ, կլան, որը ղեկավարվում է նոքարի և աղայի տրամաբանությամբ և շամանի աջակցությամբ։ Գյադայության ձևավորումը հասել է իր ավարտուն տեսքի»,- արձանագրում է իրավապաշտպանը։