Ես որտեղից տամ ձեզ երեխա, ձեր երեխան մահացել է. բժիշկ
10:40, December 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳյումրու ծննդատանը ծննդաբերած Լիանա Դարբինյանը կորցրել է իր բալիկին: Պատմում է, որ ծննդատան լույսերը 20 րոպեով անջատվել էին, հետո երկար ժամանակ երեխային չէին բերում իր մոտ, մինչդեռ բուժքույրը և բժիշկը պնդում էին, որ երեխան առողջ է, խնդիրներ չկան: Հետո պարզվում է, որ երեխան առողջական խնդիրներ ունի և պետք է անհապաղ տեղափոխել այլ հիվանդանոց: Այս մասին կնոջը տեղեկացնում է բուժքույրը:
Երկուսուկես ժամ տևած երեխայի տեղափոխման գործընթացը ավարտվել է մահվան գույժով: Լիանան պատմում է, որ Մոր և մանկան ավստրիական կենտրոնի բժիշկը ասել է, թե ես որտեղից ձեզ երեխա տամ, ձեր երեխան մահացել է: Մայրը վստահ է, որ իր երեխան առողջ է ծնվել, որևէ խնդիր չի ունեցել, ունի կասկածներ, որ երեխային ծննդատանը փոխել են և մահացած երեխայի են տվել իրեն: Ամուսնու հետ դիմել են ԴՆԹ անալիզի մեթոդին: Ցանկացել են պարզել՝ արդյոք մահացած երեխան իրենցն է:
Կինը պատմում է, որ ամիսներ շարունակ անալիզի պատասխանը պատրաստ է եղել, սակայն իրեն չեն տեղեկացրել և պատասխանը չեն ուղարկել, միայն Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին դիմելուց հետո մայրը կարողացել է ստանալ պատասխանը:
Գենետիկական անալիզը առաջին անգամ ցույց չի տվել պատասխանը, և կասկածներ են առաջացել, սակայն կրկնակի փորձաքննությունը պարզել է, որ երեխան Լիանայի և նրա ամուսնու երեխան է:
Կինը մինչև հիմա չի հավատում, որ մահացած նորածինը իր երեխան է եղել: Գործը կարճվել է, քննիչի այն պարզաբանումով, որ ապացույցները բավարար չեն եղել: Այս գործով իրավական աջակցություն է ցուցաբերում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մասնավորապես փաստաբան Արայիկ Զալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում