ՀՀԿ-ում իրականացվում է ուղեղների համահարթեցման գործընթաց
14:57, January 12, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, մեկը մյուսի հետևից արհամարհում են թե՛ ՀՀ քաղաքացիներին, թե՛ միջազգային հեղինակավոր կառույցների խոսքերը: Ընդամենը օրեր առաջ ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանն, ասես, հետևեց գործընկեր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի օրինակին և սպառնաց այն անձին, ով համարձակվել էր Facebook սոցիալական ցանցում իր սուբյեկտիվ տեսակետը հայտնել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին:
Շուշան Պետրոսյանը սպառնաց հանել օգտատեր Գայանե Շահինյանի աչքերը և նրան լակոտ անվանեց: Նրանից հետ չմնաց մյուս ՀՀԿ-ական կին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, նա էլ որոշեց Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն իր տեղը ցույց տալ և հորդորեց նրանց գնահատականներ տալիս չափի մեջ մնալ:
NewsBook-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով թեմային, շեշտեց, որ ՀՀԿ-ականների մոտ համահարթեցման գործընթաց է, ինչը ցավալի է, սակայն ոչ զարմանալի: Նա հիշեց նաև ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանի խոսքերն՝ ուղղված ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, որտեղ Սեյրան Սարոյանը հստակ ասաց, որ ՀՀԿ-ի կողմից հայհոյանքների տարափը հասկանալի և ընդունելի է, իսկ ընդդիմության կողմից՝ ոչ:
«Ես կարծում էի, որ պետք է լինեին տարբերություններ դրսևորումների մեջ` նույնիսկ ՀՀԿ պատգամավորների շրջանում, քանի որ իրականում առաջին հայացքից կան տարբեր մարդիկ՝ տարբեր կրթությամբ: Կան բառապաշարի և տեսակի որոշակի տիպաժներ, բայց պետք է արձանագրեմ, որ նունիսկ նախկին լրագրողը կամ երգչուհին, ովքեր այլ բնագավառների ներկայացուցիչներ են և պետք է, որ խնդիրներին և իրավիճակին այլ հայացքով նայեին, միևնույն է, կուսակցությունը համահարթեցրել է նրանց և հասցրել այն մակարդակին, որ նրանք շատ ավելի ցածր նիշի վրա են գտնվում: Որոշակի զարմանքով են նայում, սակայն մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ՀՀԿ-ի ներսում ու քաղաքական մոտեցումներում նման վարքագիծն ու բառապաշարն ընդունված է, և դա կոչվում է անպատժելիություն, ինչն էլ բերում անկիրթ, անպատասխանատու և ցինիկ դրևորումների: Առնվազն պետք է բավարար չափով խելք ունենային և, գոնե, այդ արտահայտություններով չվնասեին իրենց կուսակցությանը: Հասկանալի է, որ պատասխանատվություն չունեն հասարակության նկատմամբ, սակայն նույնիսկ կուսակցության նկատմամբ չունեն: Մարգարիտ Եսայանը մոռացել է, թե որպես լրագրող աշխատելու ժամանակ ինչ նշանակություն ուներ և շարունակում է ունենալ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը»,- ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը հիշեցրեց Մարգարիտ Եսայանին, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, որի անդամ պետություն է նաև ՀՀ-ն: Այս իրավապաշտպան կազմակերպության դիրքորոշման հետ հաշվի են նստում նաև Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ի այլ կառույցներում. «Գոնե ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող մարդը պետք է իրեն հաշիվ տա, թե ինչ է ասում և այն ինչ հետևանքներ կունենա»:
Վերջինս գտնում է, որ ՀՀԿ-ականների նման վարքագիծը չի համապատասխանում նաև ՀՀ հասարակական ընկալումներին, քանի որ ԱԺ-ն նույնիսկ ներկայացուցչական մարմին չի կարող լինել: Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ փաստում էր, որ ԱԺ-ում մարդիկ են, ովքեր, ըստ էության, չեն գտնվում իրենց տեղում:
«Իրապես նման գռեհիկ բառերով արտահայտվել, ինչպես արեց է Շուշան Պետրոսյանը, վարքագծի ու բարեկրթության բոլոր շրջանակներից դուրս է, քանի որ պատգամավորի կարգավիճակը ենթադրում է զսպվածություն, խելամտություն և վարքի չափանիշ: Նման վարքագծով արձանագրում են, որ իրենց վարքագիծը փողոցային մակարդակի է հասնում»,- շարունակեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցը ընդգծեց, որ Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքերը միջազգային կառույցներում որպես փաստարկ են օգտագործվելու: Նա մատնանշեց, որ միջազգային կառուցի արձագանքին նման գնահատական տալը դուրս է խելամտության շրջանակից, և նշվելու է, որ իշխող կուսակցությունն արհամարհում է մարդու իրավունքների ոլորտում միջազգային կառույցների գնահատականները:
Իրավապաշտպանը նկատեց, որ ՀՀԿ-ն պաշտոնական դիրքորոշում չի հայտնել, ինչը վկայում է այն մասին, որ ներքին մանիպուլյացիոն մեթոդներն օգտագործում են նաև միջազգային կառույցների գնահատականների դեպքում:
«Երբ կուսակցությունը որևէ պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնում իր պատգամավորական խմբակցության ներկայացուցչի նման արտահայտությունների վերաբերյալ, ապա ստացվում է, որ ինքը հավանություն է տալիս: Վահրամ Բաղդասարյանի կողմից ԱՄՆ դեսպանության կարծիքի հետ կապված որոշ ժամանակ անց, հավանաբար, համապատասխան բացատրական աշխատանքներից հետո նա ասաց, որ դա զուտ անձնական կարծիք է, նշանակում է, որ խրատել էին, իսկ այս դեպքում, անգամ դա չկա»: