Սաքունց. «Ավետիսյանների սպանությունը պատժիչ գործողություն է»
00:02, January 13, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների ընտանիքի սպանությունը միանշանակ պատժիչ գործողություն է, «Ազատությանը» տված հարցազրույցում համոզմունք հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
«Ազատություն». – Դուք նշում եք, որ պատժիչ գործողության ձեռագիր կա։ Ի վերջո, այստեղ պատժիչ գործողությունը իրականացվել է կոնկրետ ընտանիքի՞ նկատմամբ՝ անձնավորված, թիրախավորված կոնկրետ ընտանիքի, թե՞՝ երկրի նկատմամբ։
Արթուր Սաքունց. – Երկրի նկատմամբ չի եղել, դա կոնկրետ անձի նկատմամբ, ընտանիքի նկատմամբ է նախատեսված եղել, հասկանալի՞ է։
«Ազատություն». – Այսինքն՝ այդ ընտանիքը ինչ-որ կապվածությո՞ւն է ունեցել…
Արթուր Սաքունց. – Ո՛չ։ Ավետիսյանների ընտանիքը կապվածություն չի ունեցել։
«Ազատություն». – Որևէ կապվածություն, որևէ կապ չի՞ ունեցել։
Արթուր Սաքունց. – Ո՛չ։
«Ազատություն». – Այդ դեպքում, ինչպե՞ս կարող էր…
Արթուր Սաքունց. – Դա թողնենք դատաքննության ընթացքում, լա՞վ։ Ընդհանրապես այդ ընտանիքի և ռուսական բազայի միջև կապ չկա։
«Ազատություն». – Այսինքն՝ պատահական ընտրված թիրա՞խ է եղել Ավետիսյանների ընտանիքը։
Արթուր Սաքունց. – Ո՛չ։ Ոչ, ես որ ասացի պատժիչ գործողություն, դա արդեն ամեն ինչ ասում է։ Ձեռագիրը, դա՝ փաստ է։ Ձեռագիրը սպանության իրենից ներկայացնում է պատժիչ գործողություն։ Դուք ուշադրություն դարձրեք մի հետաքրքիր հանգամանքի վրա ևս՝ Պերմյակովը, արդեն երբ որ ինքնաձիգը լռվում է՝ չի կրակում, ինքը փոքր երեխային դաշույնով է, ոչ միայն փոքրին, այլ մի աղջկան էլ դաշույնով է [հարվածում], գիտե՞ք դրա բացատրությունն ինչումն է կայանում՝ որ ձայնը խանգարում էր և կարող էին լսել։ Երեխաների ձայնի աղմուկից խուսափող մարդը ինքնաձիգ է գործադրում, չէ՞ որ ինքնաձիգի ձայնը շատ ավելի պետք է բարձր լիներ, քան երեխաների ձայնը։ Նույն մարդու կողմից՝ Պերմյակովի կողմից, տրվում է միմյանց հակասող ցուցմունք։ Եթե դու խուսափում ես, որ աղմուկը չլսվի և մարդիկ, հարևանները չլսեն, ապա դու կիրառում ես զենք, որի աղմուկը, այն էլ առնվազն կրակոցի 28 աղմուկը շատ ավելի լսելի կլիներ, հասկանալի՞ է։ Սա ձեզ որպես մի կարևոր հանգամանք, որ Պերմյակովի կողմից տրվող հակասական ցուցմունքները խոսում են ոչ թե այլ մի վարկածի կամ դրդապատճառի, այլ բոլորովին այլ դրդապատճառների հետ։ Եվ բոլորին սպանելու, վերացնելու այդ գործողությունն ինքը իր բովանդակությամբ ունի պատժիչ իմաստ, հասկանալի՞ է։ Այսինքն, որովհետև պատժիչ գործողության դեպքում ուշադրություն չես դարձնում՝ կլսե՞ն աղմուկը, թե՞ չեն լսի։
«Ազատություն». – Բայց տրամաբանությունը որտե՞ղ է, եթե պատժել ցանկացել են կոնկրետ ընտանիքին՝ Ավետիսյանների ընտանիքին, բայց որևէ կապ չի եղել ո՛չ ռազմաբազայի, ո՛չ Պերմյակովի հետ։
Արթուր Սաքունց. – Ես ասացի՝ արձանագրում եմ հետևյալը՝ գործողությունն ունեցել է պատժիչ նշանակություն, դա անհերքելի է, և ոչ մեկը չի կարող դա հերքել։
«Ազատություն». – Այսինքն՝ վերացնե՞լ ամբողջ ընտանիքին։
Արթուր Սաքունց. – Պատժել՝ մեկ փաստ, երկրորդը՝ Ավետիսյանների ընտանիքը այդ պատժիչ գործողության հետ թիրախ չպետք է լիներ, ես դրանից ավել չեմ ասի: Եվ երրորդ հանգամանքը, որ նշում եմ՝ այդ թիրախն ուղղակի կապված է եղել այն հանգամանքների, պայմանների հետ, որոնք տիրում են ռուսական բազայում, և դա էթնիկ՝ ազգային և այլն, էդ ձևի նշանակություն չի ունեցել, հասկանալի է՞: Եվ այդ պատժիչ գործողության իրականացման հնարավորությունը խոսում է ռուսական բազայում տիրապետող իրավիճակի մասին, որ կարող են զենքը կիրառել ցանկացածի նկատմամբ, եթե նա խելոք չպահի իրեն։ Իսկ տվյալ դեպքում թե ո՞րն է բուն պատճառը, որ այդ անվերահսկելի ուժը կարող է կիրառվել՝ դա քննությամբ չի պարզվել։ Ավետիսյանները չեն այն ընտանիքը, որոնք կարող էին նման պատժիչ գործողության թիրախ լինել, սա միանշանակ է։
«Ազատություն». – Այսինքն՝ շփոթմո՞ւնք է տեղի ունեցել։
Արթուր Սաքունց. – Ես դրա մասին կխոսեմ դատաքննության ընթացքում, լա՞վ։
Մինչդեռ Ավետիսյանների իրավահաջորդների մեկ այլ ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ Վալերի Պերմյակովի կողմից 7 հոգանոց ընտանիքի սպանությունը նախապես ծրագրված չի եղել: Ըստ նրա՝ բոլոր ապացույցները վկայում են, որ Պերմյակովը պատահական է Ավետիսյանների տուն մտել՝ հագուստ և գումար հափշտակելու և հայ-ռուսական սահմանը հատելու նպատակով: Փաստաբանի փոխանցմամբ՝ ռուս զինվորն ունեցել է նաև հոգեկան խնդիրներ, որոնք և պատճառ են դարձել դաժան սպանությունների համար: Այդ ամենին գումարվել է նաև Պերմյակովի սատանայապաշտ լինելու հանգամանքը, ինչի մասին նա 2013 թվականին, ըստ գործի նյութերի, գրառում էր կատարել սոցիալական ցանցում:
Երեմ Սարգսյան. – Ես էդպիս որևէ փաստարկ չեմ տեսնում քրեական գործում, որը վկայի, որ պլանավորված քայլ է եղել։
«Ազատություն». – Եթե թաքցնելու ոչինչ չկար, եթե պլանավորված չէր, եթե տունը լրիվ պատահական է ընտրվել, եթե հոգեկան շեղումներն են եղել պատճառը, ապա ինչո՞ւ էր ռուսական կողմը ամեն ինչ անելու՝ փակ պահելու, Պերմյակովին մեկուսացնելու, ռազմաբազայի տարածքից դուրս չթողնելու, իրավապահներին չհանձնելու համար։
Երեմ Սարգսյան. – Թաքցնելու ինչ կար, չկար, ես այս պահին չեմ կարող ասել։ Եթե որևէ մեկը ասում է, որ դրդապատճառը պարզաբանված չէ, պետք է դրա հիմնավորումը ներկայացնի։
Արթուր Սաքունցը մինչդեռ հակադարձում է՝ ռուսական կողմից ակնհայտ ապօրինի հարուցված քրեական գործի և դրա շրջանակում ձեռք բերված նյութերի մի մասը պետք է համարել ոչ հիմնավոր, քանի որ Պերմյակովը ցուցմունքներ տվել է ռուսական բազայի քննիչներին և բազայի հսկողության ներքո:
Իրավապաշտպանը, ով ներկայացնում է սպանված Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Պողոսյանի հոր շահերը, պնդում է՝ ռուսական կողմն ամեն ինչ արել է սպանության իրական դրդապատճառները թաքցնելու համար:
Արթուր Սաքունց. – Վերադառնամ այն վարկածին, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների մի խումբը հակված է սատանայի հետ համաձայնության վարկածին, ապա, կներեք, այդ վարկածի պարագայում որևէ հիմնավորում չկա, թե ինչու պետք է Պերմյակովին ռուսական կողմը չհանձներ հայկական կողմին, երբ դա ուղղակիորեն բխում է հայ-ռուսական պայմանագրի նորմերից։ Հանգամանքները, որոնք էական նշանակություն կարող էին ունենալ իրական դրդապատճառի բացահայտման տեսակետից, թաքցվեցին հերթական անգամ, երբ թիկունքի գծով ռուսական բազայի հրամանատարի տեղակալին հեռացրեցին և տեղափոխեցին Ռուսաստան, ռուսական բազայի հրամանատարին հանեցին և տեղափոխեցին, ըստ էության, ավելի բարձր պաշտոնի։ Այսինքն փորձեցին զերծ պահել այդ հնարավոր և կարևոր նշանակություն ունեցող մարդկանց, կարևոր վկաներին, որոնք կարող էին կարևոր ցուցմունքներ տալ, եթե իրականացվեր օբյեկտիվ քննություն ռուսական բազայում տիրող իրավիճակի մասին, և որը կարող էր քննություն իրականացնող մարմին ամբողջական պատկերը տալ։ Դա մեծապես կօգներ հանցագործության դրդապատճառների բացահայտմանը, դա էլ սահմանափակվեց։
«Ազատություն».- Դուք կարծո՞ւմ եք, նրանց միտումնավոր անմիջապես հեռացրեցի՞ն Հայաստանից, որպեսզի հասանելի չլինեն հայկական կողմի քննիչների համար։
Արթուր Սաքունց. – Այո՛, բնականաբար։
Տեսանյութը՝ այստեղ