Մանրամասներ Տիգրան Սիմոնյանի եւ նրա մահվան հանգամանքների վերաբերյալ
14:36, February 12, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այսօր կրկին այցելեցին Եղնիկներ զորամասի զինծառայող, մարտական հենակետում փետրվարի 10-ին մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին՝ դեպքի մասին մանրամասներ ճշտելու նպատակով:
Երեկ այցելության ժամանակ հնարավոր է եղել խոսել միայն հարազատներից մեկի հետ, ըստ որի ինքը դեպքի մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից: Այսօր գրասենյակի աշխատակիցները կարողացան խոսել ծնողների եւ Տիգրանի հարազատների հետ, ովքեր վրդովված էին լրատվամիջոցներով տարածված տեղեկություններից, մասնավորապես, իբր թե ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է:
Գրասենյակի աշխատակիցներին հայրը եւ հարեւանները պատմել են, թե ինչպես են տեղեկացել Տիգրանի մահվան դեպքի մասին:
Հայրը՝ Սամվել Սիմոնյանը, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ ժամը 1.15-ի սահմաններում զանգ է ստացել հարևանից, ով նրան շտապ կանչել է իրենց տուն: Ինչպես նշեց հարևանը, Վանաձորի զինկոմիսարիատից մինչ այդ զանգել են իրենց տուն և տեղեկացրել մահվան դեպքի մասին՝ ոչ մի այլ մանրամասնություն չհայտնելով: Իսկ արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին, զինկոմիսարիատի աշխատակիցն անձամբ այցելել է Սիմոնյաններին, զրուցել նրանց հետ և ներկայացրել դեպքի մասին որոշ մանրամասներ, որոնք, սակայն, հարազատների համար խելամիտ չեն հնչել:
Ըստ հարազատների՝ զինկոմիսարիատի աշխատակցի հայտնած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը: Վազելով հակառակ ուղղություններով և մի կետում դուրս գալով միմյանց դիմաց՝ Տիգրանի ծառայակիցը արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում: Սակայն, հարազատներն այս իրավիճակը խելամիտ չեն համարում, քանի որ կարծում են, որ տղաները չէին կրակի միմյանց ուղղությամբ՝ արդեն իսկ իմանալով, որ այդ տարածքում հնարավոր էր հակառակ ուղղությամբ վազելու դեպքում դուրս գալ դեմ դիմաց:
«Չեմ ուզում ոչ ոքի մեղադրել, բայց իմ Տիգրանը ոչ ոքի հետ խնդիր չի ունեցել», – հազիվ արտաբերում էր Տիգրանի մայրը՝ Արմանուշ Սիմոնյանը:
Ըստ նրա՝ Տիգրանը ցանկանում էր դեռևս 8-րդ դասարանից ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, սակայն իրենք դեմ են եղել նրա այդ որոշմանը: Այնուամենայնիվ, դպրոցն ավարտելուց հետո Տիգրանը բարձր միավորներով ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
«Տիգրանն ունեցել է հնարավորություն ընտրելու հրետանային կամ մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկը և ընտրել է երկրորդը», – ասում է մայրը՝ հավելելով, որ նույնիսկ իրենց դեմ լինելուց հետո Տիգրանը չփոխեց իր որոշումը՝ վստահեցնելով մորը, որ այդտեղ նա ավելի մեծ հաջողությունների կհասնի:
Ցույց տալով Տիգրանի շնորհակալագրերն ու պատվոգրերը, հարազատները կրկին անգամ նշեցին, որ Տիգրանը սիրում էր իր աշխատանքը և պատրաստվում էր շարունակել ուսումն այդ ուղղությամբ:
Հարազատների տեղեկացմամբ Տիգրանի մարմինը դեռևս չի տեղափոխվել Վանաձոր: