Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ չճանաչեց Հայկ Մովսիսյանի իրավունքների խախտումը
16:16, March 12, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հայկ ՄովսիսյանՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2012 թ. նոյեմբերի 27-ին ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ: Հիշեցնենք, որ վերջինս բանակ էր զորակոչվել՝ ունենալով հոգեկան առողջության խնդիրներ: Ծառայողական պարտականություններից ժամանակավորապես խուսափելու նպատակով ինքնավնասում կատարելու հիմքով նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Դատավճռի հրապարակումից օրեր անց ԼՂՀ քննչական մեկուսարանում Հ. Մովսիսյանին մահացած էին գտել:
Հավելենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Հայկ Մովսիսյանն արդարացվել է:
Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ հարուցվել էր քրեական գործ՝ պաշտոնական անփութության հատկանիշներով. գործի շրջանակներում Հայկ Մովսիսյանը այդպես էլ տուժող չէր ճանաչվել, ինչի արդյունքում նրա մայրը, չճանաչվելով տուժողի իրավահաջորդ, հնարավորություն չի ունեցել ծանոթանալու գործի նյութերին, այդ թվում՝ մի շարք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների՝ քրեական գործի շրջանակներում տված ցուցմունքերին:
Հայկ Մովսիսյանի մորը՝ Հեղինե Պետրոսյանին, տուժողի իրավահաջորդ չճանաչելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը վերջինիս ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա. Զալյանի կողմից բողոքարկվել է դատական կարգով:
2014 թ. մայիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, չարամտորեն շրջանցելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որի համաձայն՝ դիմողն իրավունք ունի դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում որոշումը բողոքարկել դատարան, հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Հեղինե Պետրոսյանին դատավարության կողմ չճանաչելու քննիչի որոշումը չի բողոքարկվել վերադասության կարգով:
Սույն որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը ևս մերժվել էր:
2015 թ. փետրվարի 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բեկանել է ստորադաս դատարանների որոշումները՝ գործն ուղարկելով ստորադաս դատարան նոր քննության:
2015 թ. օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ բողոքը մերժելու մասին որոշման դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը ևս 2015 թ. հոկտեմբերի 23-ին մերժվել էր:
2015 թվականի նոյեմբերի 17-ին Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք ՀՀ Վերաքննիչ դատարանի 2015 թ. հոկտեմբերի 23-ի որոշման դեմ:
2016 թ. փետրվարի 29-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը:
Նշենք, որ Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում պաշտոնական անփութության հատկանիշներով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն ավելի ուշ կարճվել էր: Քրեական գործը կարճելու վերոնշյալ որոշումը բողոքարկվել էր դատական կարգով: Սպառելով բոլոր դատական ատյանները՝ Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները գանգատ են ներկայացրել Եվրոպական դատարան:
Հավելենք, որ Եվրոպական դատարան կներկայացվի նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի 2016 թ. փետրվարի 29-ի որոշումը: