ՊՆ-ը վստահեցնում է՝ սպանությունները և ինքնասպանությունները նվազել են, իրավապաշտպանը պնդում է՝ դա ժամանակավոր է, քանի որ խնդիրը համակարգային է
10:56, April 12, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներԲանակում դիտավորյալ սպանությունների և ինքնասպանությունների հասցնելու մասով հստակ նվազեցումներ կան. այս առումով աշխատանքներ են տարվում, և դրանք օգուտ տալիս են: Tert.am-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ Զինված ուժերում զոհերի վերջին տարիների վիճակագրությանը:
«Ամբողջ աշխարհում կա նորմալիզացված ընդհանուր կիրառական մեթոդոլոգիա, որտեղ կան ծառայության հետ կապ ունեցող մահեր և ծառայության հետ կապ չունեցող մահեր: Հիմա մեզ մոտ ինչ է ստացվում, եթե հակառակորդի կրակոցից է զոհը, դա թույլատրելի է, եթե հակառակորդը չէ, ուրեմն դա թույլատրելի զոհ չէ: Սա անընկալելի լոգիկա է, ինչով առաջնորդվում են շատ ու շատ «փորձագետներ»: Նրանք ավելի շատ ուրիշ խնդիրներ են լուծում, քան ուզում են բանակին կամ զինվորին օգուտ տալ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Tert.am-ի կատարած հաշվարկով՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև ապրիլի 9-ը զոհվել է 12 զինծառայող, որից 4-ը՝ հակառակորդի կրակոցից: 2017 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ նույնպես սահմանից ներս գրանցվող դեպքերն ավելի շատ են եղել, քան հակառակորդի կողմից կատարվածները: Մասնավորապես՝ հայկական կողմում տարբեր հանգամանքներում զոհվել է 52 զինծառայող, որից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարած տարբեր գործողությունների հետևանքով:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմի զոհերի մեծ մասը, չնայած վիճակագրության, միևնույն է՝ լինում է հակառակորդի ուղիղ և անուղղակի ազդեցությունից: Անուղղակի ազդեցությունը, ըստ նրա՝ մարտական հերթապահությունից բխող ավտովթարներն են, լարվածությունը, որոնց պատճառով անզգույշ կրակոցներ են լինում, և այլն:
«Ինքնասպանության հասցնելու, զինծառայողի կողմից ծառայակցին սպանելու դեպքերից բացի այս վիճակագրությունում ներառված են նաև դժբախտ պատահարները՝ ավտովթարները, զենքի սխալ օգտագործումը, ականի պայթյունները և այլն: Սրանք կոչվում են ծառայության հետ ուղիղ կապ ունեցող հանգամանքներ: Իսկ ինքնասպանությունը, ուղիղ դիտավորյալ սպանությունն այլ բաներ են»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց, որ բանակում դիտավորյալ սպանությունների և ինքնասպանությունների հասցնելու մասով հստակ նվազում կա:
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ ինքնասպանությունների և սպանությունների առումով որոշակի նվազում կա, բայց դա մեկընդմիշտ լուծված խնդիր չէ:
Նա նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում իրենց կազմակերպությունը հետևում է բանակում մահացության դեպքերին, և միայն մեկ տարվա ընթացքում են քիչ զոհեր գրանցվել, այն էլ՝ տարիներով խնդիրների մասին ահազանգելուց և պահանջներ ներկայացնելուց հետո:
«Եթե չեմ սխալվում, հիմա ձեռքիս տակ չեն փաստաթղթերը, 2011 կամ 2012 թթ.-ին էր, որ 32 զոհ ունեցանք: Նախարարությունը հայտարարեց, որ ամեն ջանք կգործադրի, որպեսզի այդպիսի տխուր արդյունքներ չլինեն, և իրապես այդ տարում ցույց տվեց, որ ջանքեր գործադրվում են: Սա նշանակում է, որ պատճառները Զինված ուժերում առկա խնդիրների մեջ են: Բայց միաժամանակ ես կասկածներ հայտնեցի, որ զուտ վարչական մեթոդներով և խստացումներով հնարավոր չէ լուրջ արդյունքի հասնել, դա կարճաժամկետ հատվածում է էֆեկտ ունենում»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով՝ խնդիրը համակարգային է, և այդ պատճառով ինքնասպանությունների և սպանությունների՝ վերջին տարվա որոշակի նվազումը հաջորդ տարիներին կարող է փոխվել:
Ինչ վերաբերում է դժբախտ պատահարների՝ զենքի հետ անզգույշ վարվելու, ականների վրա պայթելու, ավտովթարների հետևանքով զոհերին, Արթուր Սաքունցն այստեղ ևս համալիր խնդիրներ է տեսնում:
«Այստեղ մենք ունենք պատշաճ հրահանգավորման, անվտանգության կանոնների պատշաճ ապահովման, տեխնիկական միջոցների վիճակի խնդիրներ: Դու օգտագործում ես տվյալ դեպքում ավտոտեխնիկա, ուրեմն պետք է պատշաճ վերանորոգում արվի և պատշաճ տեխնիկական վիճակում գտնվի, ինչպես նաև այստեղ կա զինվորական վարորդների պատրաստվածության հարցը: Հիմա ո՞ր մասում է այդտեղ թերացումը, ցավոք սրտի, տեսնում ենք, որ համալիր է»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ բանակում խնդիրները խրոնիկ են, և տարիներով շարունակաբար չլուծվող խնդիրները հանգեցնում են տխուր վիճակագրության:
Առաջին խնդիրը, որը, նրա կարծիքով, անհրաժեշտ է վերացնել, բանակում տիրող կոռուպցիան է: Ըստ Ա. Սաքունցի՝ Զինված ուժերում կոռուպցիոն շահերը դեռևս հանդիսանում են որպես գործելակերպի հիմնարար շարժառիթներից մեկը և՛ բանակի ներսում, և՛ բանակի հետ հարաբերություններում:
«Դրա պատճառներն այլ են, սպաների սոցիալական ապահովության հետ կապված խնդիրների չլուծվածությունն է՝ կենսական, բժշկական, բնակարանային ապահովումը: Այսինքն՝ համալիր խնդիրների շարք կա, որը տարիներով չի լուծվում: Ես ուղղակի պետք է հերթական անգամ հիշատակեմ Միքայել Գրիգորյանի հայտնի գրությունը՝ ուղղված Սեյրան Օհանյանին, որում ինքը մատնանշում է բոլոր հիմնարար խնդիրները՝ գողությունների մասով, սպաների սոցիալական ապահովության լուրջ խնդիրների մասով և այլն: Բայց դա այդպես էլ քննության առարկա չդարձավ, և հետևություններ չարվեցին»,- նշեց իրավապաշտպանը:
Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ բանակում առկա մյուս խնդիրը սպաների ճանապարհային քարտեզի բացակայությունն է: Այսինքն՝ 20 տարվա ընթացքում սպան չգիտի, թե ինչ վարքագծի դեպքում ինչ արդյունքներ կունենա որպես մարդ: Նա նկատում է նաև, որ ծառայությունների պատշաճ կատարման դեպքում խրախուսման մեխանիզմ չկա, որովհետև այստեղ ընտրողական մոտեցում կա: Ինչպես նաև ՀՀ-ում գոյություն ունեցող նույն հովանավորչությունը կա նաև Զինված ուժերում:
«Ես ինչու եմ սպաների վրա կենտրոնանում, որովհետև սպան է հիմնական պատասխանատուն, պատշաճ վերահսկողությունը սպաներն են անում: Բացի այն, որ սպայից պահանջում են ծառայության նկատմամբ պատասխանատու, բարեխիղճ լինել, նաև դրա համար պետք է պատշաճ պայմաններ ստեղծվեն, որպեսզի սպայի մոտ լավ ծառայելու մոտիվացիան լինի:
Պետք է հիշատակեմ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում կուրսանտի սպանության դեպքը: Ամբողջ մի ինստիտուտի ներկայությամբ բռնություն են գործադրում, և ո՞ւմ կողմից էր այդ բռնությունը գործադրվում՝ ինստիտուտի հրամանատարի տեղակալի տղայի կողմից: Եվ որևիցե մի ապագա սպա ծպտուն չէր հանում: Եթե սպաների միջև միջանձնային հարաբերություններում տիրում է այդ անպաշտպանվածությունը և հովանավորչությունը, այն որպես մշակույթ, գործելակերպ, ապրելակերպ տարածվում է նաև զինվորների վրա: «Նայողներն» են հիմնական պատճառը: Եթե սպայական կազմում կան այդպիսի մոտեցումներ, ապա ինչպե՞ս կարող է դա չարտահայտվել նաև զինծառայողների փոխհարաբերությունների մեջ»,- ասաց նա:
Սաքունցը հավատացնում է, որ բանակում որակյալ սպաներ էլ շատ կան, բայց նրանց կողմից զինվորական կարգապահության նկատմամբ պատշաճ վերահսկողության պատասխանատվությունը զուտ անձնական է, ոչ թե համակարգային: Համակարգային պատասխանատվության բացակայության պարագայում, ըստ նրա՝ անընդհատ հնարավոր չէ լավ արդյունք ունենալ, մանավանդ, որ լավ, որակյալ ծառայելու շարժառիթը սպաների մոտ չի խթանվում:
«Եթե կարգապահության նկատմամբ վերահսկողություն իրականացնողը մտածում է կոռուպցիոն շահերով, թե ինչ թռցնի կամ ուղղակի ժամանակ անցկացնի, որ անցնի թոշակի, բնականաբար դա ազդելու է նաև զինվորական կարգապահության վրա»,- ընդգծեց նա:
Իրավապաշտպանը հայտնում է, որ ինքը և իրենց կազմակերպությունը բազմաթիվ քրեական գործերի մեջ ներգրավված են, և նման տեսակետը հենց քրեական գործերի նյութերի հիման վրա ի հայտ եկել:
«Այս մեկ ու կես տարվա ընթացքում այդպես մի կախարդական փայտիկով լուծե՞լ են խնդիրը, կներեք, բայց այդ նույն սպայական կազմն է չէ՞ վերջին հաշվով ծառայում, նույն կրթական համակարգն է: Բանակում ֆունդամենտալ խնդիրներ կան, և դրանք 1.5-2 տարվա ընթացքում չեն լուծվելու: Պետք է աշխատող համակարգ լինի, որ կանխվեն նման դեպքերը: Պետք է պատասխանատվության ենթարկելու, բողոքարկման ենթարկելու, անվտանգության ապահովման ինստիտուտները գործեն»,- ասաց Արթուր Սաքունցը: