Դատարանը հետազոտեց մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների անձը բնութագրող տվյալները
18:15, April 12, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք | Լիա ՄիսակյանԱյսօր՝ 2018 թ. ապրիլի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Այսօր դատարանը հետազոտեց ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները:
Ամբաստանյալների պաշտպանները ամբաստանյալների՝ դասընթացների մասնակցելու մասին հավաստագրեր ներկայացրին, ինչպես նաև Լ․ Վարդանյանի վերաբերյալ «Արաբկիր» ԲԿ-ի կողմից տրված բնութագիրը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությամբ որպես անձը բնութագրող տվյալ հետազոտվեց նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի արտահայտությունները պարունակող տեսանյութը:
Տեխնիկական պատճառներով այն նախորդ դատական նիստին հետազոտել հնարավոր չեղավ, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվել էր:
Ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները հետազոտելուց հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Մեղադրող դատախազ Գ. Աղաջանյանը ժամանակ խնդրեց ամփոփիչ խոսքին պատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018 թ․ մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին։