Արթուր Սաքունց. Երկխոսությունից ու համատեղ քննարկումներից բացի այլ ճանապարհ չկա
17:22, May 12, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀաշվի առնելով վերջին օրերին վերստին քաղաքական գործընթացներով պայմանավորված իրավապահ մարմինների, կոնկրետ ոստիկանության գործողությունների կամ անգործության վերաբերյալ քննարկումները, որն ուղեկցվում է նաև սուր քննադատություններով, վիրավորական և հայհոյախառն արտահայտություններով, անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը.
1.իրավապաշտպանության մտահոգության առարկան մարդու իրավունքներն են, որոնք գոյություն ունեն իշխանություն/այդ թվում ոստիկանություն/-մարդ հարաբերությունների դաշտում և կարող են խախտվել միմիայն իշխանության և նրա ներկայացուցչի կողմից, հետևաբար`
2.իրավապաշտպանությունը գնահատում է իշխանության գործողությունները` ելնելով օրենքով և միջազգային նորմերով սահմանված սկզբունքների, մոտեցումների հետ նրանց համարժեքության տեսակետից,
3. ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ բազմաթիվ գնահատականներ են տրվել թե տեղական, թե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, բարձրացվել են համակարգային և կոնկրետ խնդիրներ, միջազգային կառույցները` ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, իրենց փաստաթղթերում, բանաձևերում ձևակերպել են ոստիկանության բարեփոխումների հստակ ուղերձներ, որոնք, ցավոք, կրկնվում են, այսինքն` չեն իրականացվում,
4.ՀՀ իշխանությունները հետևողական չեն ոստիկանության բարեփոխումների իրականացման մեջ, դեռևս շարունակվում է իրավապահ մարմինների օգտագործումը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հետապնդման նպատակով,
5.ՀՀ ոստիկանության գործունեությանը վերաբերվող շատ տվյալներ` նույնիսկ ծառայողների թիվը գաղտնիք է համարվում, բովանդակային չէ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը,
6.քաղաքացիների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների, ապօրինությունների փաստերով իրականացվող քննությունը արդյունավետ չէ,
7.ի վերջո, ցածր է մնում քաղաքացիների վստահության մակարդակը ոստիկանության նկատմամբ: Նշված խնդիրների շուրջ, բացի միջազգային ատյաններում քննարկումներից, որոնց ժամանակ, ի դեպ, ՀՀ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններն ու բացատրությունները, մեղմ ասած, համոզիչ և հիմնավոր չեն, անհրաժեշտ է հանրային հարթակներում ոստիկանության ղեկավարների, ներկայացուցիչների հետ քննարկումների ծավալումը` ինչքան էլ դրանք դժվար թվան: Այլ տարբերակ չկա, այլ ճանսպարհ չկա, բացի երկխոսությունից, համատեղ քննարկումներից:
Նյութի աղբյուրը`Hayastan24.com