Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստն անցավ թեժ մթնոլորտում
17:46, June 12, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Քաղբանտարկյալներ2014 թվականի հունիսի 12-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց 2013 թ. նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Սույն գործի քննությունը գտնվում է դատավոր Մ. Մարտիրոսյանի վարույթում:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և մյուս ամբաստանյալները ձերբակալվել էին 2013 թ. նոյեմբերի 5-ին Գայ Ֆոքսի միջազգային օրվան նվիրված «Դիմակների երթի» ժամանակ: Հետագայում ձերբակալվածների մի մասն ազատ արձակվեց և գործով ներգրավվեց որպես վկա, իսկ տասնչորս ձերբակալվածներին, այդ թվում նաև՝ Շանթ Հարությունյանին, առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Այնուհետև առաջադրված մեղադրանքները փոփոխվեցին, և Շանթ Հարությունյանին ու մյուս ամբաստանյալներին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, որի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվեց նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը:
Դատական նիստից առաջ սույն գործով ամբաստանյալների հարազատները, բարեկամները, աջակիցները և գաղափարակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի վարչական շենքի դիմաց, որի տարածքը մինչ բողոքի ակցիայի մեկնարկն արդեն իսկ շրջափակված էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Դատարանի վարչական շենքի տարածքի դիմաց հսկողություն էր իրականացվում նաև դատական կարգադրիչների կողմից, ովքեր դատարանի շենք թողնում էին մուտք գործել միայն դատավարության կողմերին, լրատվական ծառայությունների ներկայացուցիչներին և դիտորդներին, իսկ ամբաստանյալների հարազատները, բարեկամները, կողմնակիցները և ուղղակի դռնբաց դատական նիստին ներկա գտնվելու ցանկություն ունեցող քաղաքացիները զրկված էին դատարանի շենք մուտք գործելու հնարավորությունից:
Չնայած այն հանգամանքին, որ դատական նիստերի դահլիճում ներկա գտնվողները հիմնականում զանգվածային լրատվական միջոցների աշխատակիցներ էին, այնուամենայնիվ Շանթ Հարությունյանին և գործով մյուս ամբաստանյալներին նիստերի դահլիճում դիմավորեցին ծափերով և ողջույններով:
Դատական նիստերի քարտուղարը զեկուցեց, որ դատական նիստին գործով ներգրավված մի քանի փաստաբաններ, մասնավորապես Հովհաննես Քոչարյանը և հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը չեն ներկայացել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով և գրությամբ խնդրել են դատական նիստը հետաձգել, իսկ Ալեք Պողոսյանի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը գտնվում է արձակուրդում և գրությամբ հայտնել է դատարանին, որ արձակուրդն ավարտվելու է հուլիսի 2-ին:
Ամբաստանյալներ Վահե Մկրտչյանը և Ալբերտ Մարգարյանն անհրաժեշտ համարեցին իրենց պաշտպանի մասնակցությունը դատական նիստին, իսկ Սևակ Մնացականյանը, ում և վերջինիս պաշտպան Անդրանիկ Աբաջյանի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել էր, հայտարարեց, որ իր պաշտպանությունը պետք է իրականացնի փաստաբան Կարեն Քալանթարյանը:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հայտնեց, որ հրաժարվում է իր փաստաբանից և ցանկանում է անձամբ իրականացնել իր պաշտպանությունը: Դատավորը հայտնեց, որ ամբաստանյալը կարող է հրաժարվել փաստաբանից միայն վերջինիս ներկայությամբ և հայտարարեց, որ գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի հուլիսի 4-ին: Գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ պաշտպանից հրաժարվելու դեպքում վերջինիս ներկայությունը պարտադիր է մինչդատական վարույթի փուլում, երբ հնարավոր է վարույթն իրականացնող մարմնի կողմից ճնշումների գործադրում, սակայն դատավորի մատնանշած պահանջը չի վերաբերում դատաքննության ընթացքում պաշտպանից հրաժարվելուն և խնդրեց գործով հաջորդ դատական նիստը նշանակել հնարավորիս շուտ:
Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ Շանթ Հարությունյանը, ով դիմելով գործով մյուս ամբաստանյալներին, առաջարկեց հրաժարվել փաստաբաններից՝ գտնելով, որ փաստաբանները չեն կարողանա իրենց օգնել, քանի որ իրենց գործը քաղաքական բնույթ ունի: Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին, Ռաֆֆի Հովհաննիսյանին, ով ներկա էր դատական նիստին, Նիկոլ Փաշինյանին, զանգվածային լրատվական ծառայություններին, ինչպես նաև իր փաստաբան Ինեսսա Պետրոսյանին, նշելով, որ հնարավոր է անձամբ շարունակի իր շահերի պաշտպանությունը գործի դատաքննության փուլում:
Դատավորը, հաշվի առնելով փաստաբանների պահանջը, ինչպես նաև վերջիններիս ծանրաբեռնվածությունը, սույն գործով հաջորդ դատական նիստը հետաձգեց և նշանակեց 2014 թ. հունիսի 25-ին, ժամը 12:00-ին և հայտնեց, որ գործով նիստերը պետք է տեղի ունենան յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Նիստի ընթացքում ամբաստանյալների որոշ հարազատներ կարողացել էին դժվարությամբ մուտք գործել դատական նիստերի դահլիճ, և վերջիններիս հարցերին ի պատասխան, դատավորը հայտնեց, որ հանձնարարական կտրվի, որպեսզի հաջորդ դատական նիստերին ամբաստանյալների մոտ հարազատները կարողանան ներկա գտնվել դատաքննությանը: Փաստաբան Արա Զաքարյանը հայտնեց, որ անհարմար է նման փոքր դահլիճում աշխատելը, որի պատճառով նախապես խնդրել է, որ գործն ուղարկվի Շենգավիթ կամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարան: Դատական նիստերի դահլիճում ներկա կարգադրիչները առաջարկեցին հարազատներին նիստի մասնակիցների ցուցակ կազմել և փոխանցել իրենց, որպեսզի իրենք իմանան՝ ում ներս թողնեն, ում ոչ:
Դատական նիստի ավարտից հետո շարունակվեց բողոքի ակցիան, որից հետո ակցիայի մասնակցիները կազմակերպեցին երթ: