«Մեզ պետք չեն փաստաբաններ. մենք փողոցում հենց անարդարության դեմ էինք պայքարում». Շանթ Հարությունյան (Տեսանյութ)
18:13, June 12, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՔաղբանտարկյալներՔիչ առաջ Կոնտրոն և Նորք-Մարաշի ընդհանուր իարավասության դատարանում ավարտվեց ազատամարտիկներ Շանթ Հարությունյանի, Արթուր Մարգարյանի, Հայկ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Միսաք Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի և Սևակ Մնացականյանի քրեական գործով դատական առաջին նիստը:
Տեղեկացնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Տեղեկացնենք նաև, որ դատական նիստը դռնբաց էր, բայց դատարանի դիմաց հավաքվել էին ազատամարտիկների բարեկամներն ու աջակիցները, որոնց ոստիկանությունը ներս չէր թողնում` պատճառաբանելով, որ ներսում նստելու տեղ այլևս չկա: Մինչդեռ դատական նիստերի դահլիճում դեռ բավականաչափ տեղեր կային:
Քաղբանտարկյալ Արմեն Հովհաննիսյանի կնոջ` Շողեր Հակոբյանի խոսքով` ոստիկանները արհեստական կերպով փորձում են շիլաշփոթ ստեղծել: «Ցանկացած պատճառով դատերը հետաձգում են. դա իրենց որդեգրած քաղաքականությունն է: Ես ոչ մի սպասելիք չունեմ այս աղավաղված ու փչացած համակարգից»,- PressIdent.am-ի հետ զրույցում ասաց նա: Դատավարությունը շատ կարճ տևեց, քանի որ ամբաստանյալների պաշտպանները ներկա չէին:
Նիստի մեկնարկին Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտրարությամբ: Նա հրաժարվեց դատապաշտպանից և նույնը կոչ արեց իր ընկերներին: «Միայն թող պաշտպանվեն նրանք, ովքեր դրսում են՝ Շահենը և Միսակը։ Մեզ պաշտպաններ պետք չեն։ Սա քաղաքական խնդիր է, փաստաբանն այստեղ դեր ունենալ չի կարող։ Եթե դուք հավատում եք փաստաբանին, ուրեմն հավատում եք արդարադատությանը, եթե հավատում եք, ապա ինչո՞ւ էինք ինձ հետ դուրս եկել փողոց։ Եթե ես հավատայի արդարադատությանը, ինձ էշի տեղ կդնեի, կապրեի, ինչո՞ւ էի փողոց դուրս գալիս: Տղե՛րք, սա մեր դատն է, այլ ոչ թե իրավաբաններինը: Նրանք կխոսեն իրավական դաշտում, և մեր գաղափարները կգնան, կկորչեն: Չկա արդարադատություն, մենք փողոցում հենց սրա դեմ էինք պայքարում»,- կոչ արեց Հարությունյանը։ Նա ցավակցություն հայտնեց օրերս Փարիզում մահացած «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանի հարազատներին:
«Մարտի 1-ից հետո նրա հետ կալանավայրում անցկացրած դառը օրերը ես հիշում եմ ուրախությամբ: Այսօր, գտնվելով բանտում, հաճախ եմ հիշում նրա և մյուս ընկերների հետ մարտի 1-ի գործով անցկացրած օրերը։ Մյուս տղերքին մաղթում եմ երկար, երջանիկ կյանք։ Բանտարկության այդ մեկ տարին որքան էլ ծանր լիներ, այսօր հիշում եմ երջանկության զգացումով»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Նախախորհրդարանին, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին և բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իր կողքին են եղել։
Դատական նիստին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կարծում է, որ դատարանում ամեն ինչ հակասահմանադրական է: «Առաջին նիստից արդեն խոչընդոտներ կան. բաց դատավարություն չէ ու տղաների հարազատները դրսում են մնացել: Ես համակարծիք եմ Շանթի հետ, որ սա քաղաքական դատավարություն է և պետք է բաց լինի: Սա լավ օրինակ պետք է լինի, որ մեր քաղաքացին կարող է պայքարել իր իրավունքերի համար: Այո, միտում կա, հակասահմանադրական է ամեն ինչը, իսկ դատարանը ենթակա է գործող ապօրինի իշխանությանը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Նիստի ավարտից հետո երկար ժամանակ մեղադրյալների հարազատներն ու ընկերները չէին լքում դահլիճը` վանկարկելով` «Ազատություն քաղբանտարկյալներին» արտահայտությունը: Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը դատական հաջորդ նիստը նշանակեց հունիսի 25-ին։
Աղբյուրը՝ www.pressident.am
Այս մասին նաև՝ armlur.am, hayeli.am, www.pastinfo.am, mitk.am, lratvakan.am, www.slaq.am, www.aravot.am, www.hraparak.am, shamshyan.com, www.azatutyun.am