Գագիկ Հարությունյա՞նն է խանգարում սահմանադրական բարեփոխումներին
12:18, July 12, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Նախկինում քաղաքական կուսակցություններին այս գործընթացում ներգրավելը շատ ավելի լավ էր ստացվում»,-անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին այսօր` հուլիսի 10-ին, Երևանում անցկացվող «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կարծիքով` խանգարող հանգամանքն այն է, որ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ղեկավարում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչն առաջացնում է շահերի բախում: Դառնալով երկրի կառավարման համակարգի փոփոխության հարցին, պարոն Կիրակոսյանն այսպես արձագանքեց. «Հայաստանը բավական հասուն ժողովրդավարություն չունի, ոչ էլ ունենք ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա վստահ ձևափոխում նման խորհրդարանական մոդելին»:
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` ՀՀ-ում ներկայիս խորհրդարանական իրավիճակը «վհատեցնում է, խորհրդարանը, խախտում է էթիկայի նորմերը, գործարարներն են խորհրդարանում, նախագահը հատ-հատ ընտրում է մարզպետներին և նշանակում նրանց` սահմանափակելով կադրային ռեսուրսները, քաղաքացի-պետություն հարաբերությունները խաթարված են, և այս խնդիրները լուծված չեն սահմանադրական բարեփոխումների փաթեթում»:
Պարոն Կիրակոսյանը նկատեց, որ այս գործընթացը հնարավորություն է բարեփոխումներ կատարելու, բայց միևնույն ժամանակ շեշտեց, թե իրեն մտահոգում է ոչ այնքան գործընթացը, այլ դրա իրագործումը: Ռազմավարական հետազոտությունների բելառուսական ինստիտուտի ներկայացուցիչ, Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանի դոցենք Ալեքսեյ Պիկուլիկը «Խորհրդարանական սահմանադրությանն անցումը ժողովրդավարական զարգացման համատեքստում. հեռանկարներ քաղաքական տնտեսության դիտակետից» խորագրով ելույթում նկատեց, թե «երկրի կառավարման ձևը կարևոր է, բայց վճռորոշ չէ»:
Այնուհետև բուն խորհրդարանական համակարգի մասին խոսելով` նկատեց. «Խորհրդարանական ներկայացված համակարգը կարող է ուժեղացնել իշխող կուսակցությանը: Ուժեղ խորհրդարանը օգնում է դիմակայել պետությունը զավթելու երևույթներին»: Վարշավայի համալսարանի Մարդու իրավունքների ամբիոնի ղեկավար, Լեհաստանի սահմանադրական դատարանի նախկին դատավոր Միրոսլավ Վիրզիկովսկին անընդունելի համարեց նախագահական և խորհրդարանական ընտրությունները նույն օրն անցկացնելը, և մտավախություն հայտնեց, որ դա կարող է հանգեցնել միակուսակցական համակարգի: Խորհրդարանական համակարգի մասին ասաց. «Իշխանությունը խորհրդարանին տեղափոխելիս դու սառեցնում ես իշխանության կառուցվածքը, և ընդդիմության ու նոր քաղաքական կուսակցությունների ստեղծման հնարավորությունը սահմանափակում»:
«Ապելլա» ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը քննադատության ենթարկեց խորհրդարանական համակարգն ու շեշտեց. «Ասում են ավելի շատ ընտրություններ, ավելի շատ ժողովրդավարություն: Խորհրդարանական համակարգին անցումը նշանակում է ընտրությունների թվի կրճատում, քանի որ այդ համակարգին անցման դեպքում մենք կունենանք մեկ համապետական ընտրություններ»: Արմեն Մազմանյանը զարգացրեց ուժեղ ընդդիմություն ունենալու թեզն ու նշեց. «Եթե իշխանությունը դիմակայում է մի ընդդիմության, որը բավականին ուժեղ է և համապատասխանում է իշխանության ռեսուրսին, ապա իշխանություն պահելու գինը բարձրանում է: Այդ դեպքում իշխանություն պահելու բիզնես-պրոյեկտը այլևս շահավետ չէ»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հարց բարձրացրեց՝ արդյոք սահմանադրական բարեփոխումները կարո՞ղ են հարց լուծել, եթե ունենք մեկ կուսակցության իշխանություն: Պարոն Մազմանյանը պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումների էֆեկտը մարգինալ է: Երբեք չենք կարող չափազանցնելով ասել, թե հիմա ամեն ինչ կշտկվի: Դա կլիներ այն դեպքում, եթե սահմանադրական բարեփոխումներն իսկապես հանրային պահանջ ունենային և դառնային հանրային պայմանագիր: Այս պարագայում կարելի էր սարեր շրջել: Դրա բացակայության դեպքում չեմ ակնկալում, որ իսկապես ռազմավարական շրջադարձային բարեփոխում կարելի էր անել»:
Աղբյուրը՝ www.aravot.am