«Աղվան Հովսեփյանը կեղծում է «Մարտի 1-ի» պատմությունը»
11:19, September 12, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Աղվան Հովսեփյանը շարունակում է այն հրահանգի շրջանակներում գտնվել, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է հրահանգել: Գործով դատապարտվածներ ասելով՝ հիմնականում նկատի ունի քաղբանտարկյալներին: Այդ քրեական գործերը քաղաքական հետապնդում են ընդդիմադիրների նկատմամբ, որի հետեւանքով մոտ հարյուրից ավելի մարդ ձերբակալվեց, քրեակատարողական հիմնարկներում մնացին, այսինքն, կատարվեց Ռոբերտ Քոչարյանի այն հայտնի հրահանգը, որ շատ շատերը երկար ժամանակ նստելու են բերդերում»,- Aravot.am-ին ասաց պարոն Սաքունցը՝ անդրադառնալով պարոն Հովսեփյանի հավաստիացումներին, թե «Մարտի 1-» գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են, եւ նրանցից որեւէ մեկի դատավճիռը չի վերանայվել դատական ատյաններում:
Պարոն Սաքունցի խոսքով, մարտի 1-ի» հանցագործությունը շարքային հանցագործություն չէ, այլ պետական հանցագործություն. «Սահմանադրական կարգի դեմ հանցագործություն է, որի մեջ ներգրավված են եղել պետական պաշտոնյաներ, օլիգարխներ իրենց թիկնազորով, նաեւ որոշ դեպքերում հարազատներով եւ նրանց գլխավորել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս հանցագործության միայն տուժողների գործողությունների ուղղությամբ կատարված քննությունը չի կարող համարվել ամբողջական ու օբյեկտիվ: Այդ ժամանակվա պաշտոնատար անձինք՝ հրահանգ տվողները՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը, գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը եւ մյուսները պետք է հարցաքննվեին այս գործի շրջանակներում: Տուժողներից մի քանիսի գործերը նայում եմ այդ քրեական գործերով որեւէ մի փաստաթուղթ չկա, որտեղ հարցաքննված լինեն իմ նշած պաշտոնյաները… եթե չեն հարցաքննվել, նրանց գործողություններին իրավական գնահատական չի տրվել, ապա մարտի մեկի բացահայտման մասին խոսելն ավելորդ է: Աղվան Հովսեփյանը եւ այլ պաշտոնյաներ երազում են, որ այն ժամանակ գլխավոր պաշտոն չունենային, ասում են՝ երանի այդ ժամանակ պաշտոնի մեջ չլինեինք, որովհետեւ նրան ներգրավվեցին մի հանցագործության մեջ եւ տուրք տվեցին Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ ապօրինի գործողություններին»:
Աղբյուրը՝ www.aravot.am