Շանթ Հարությունյանի և ընկերների հետ ակցիա իրականացրած Անուշավան Գրիգորյանին ազատ արձակեցին
18:12, September 12, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Պացիենտների իրավունքներ | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2014 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Պողոսյանի, շարունակվեց 2013 նոյեմբերի 5-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերով կալանավորված Անուշավան Գրիգորյանի գործով դատաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա «Շանթ Հարությունյանի, Ալբերտ Մարգարյանի և մի խումբ այլ անձանց հետ 2013թ. նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից սկսված երթի ընթացքում դուրս են եկել Մաշտոցի պողոտայի երթևեկելի մաս, այնուհետև, չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների` հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունն ապահովելու, երթևեկելի գոտի դուրս չգալու, ավտոմեքենաների շարժը խոչընդոտող գործողությունները և հասարակական կարգը խախտելը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջները, պողոտայի երթևեկելի մասում դրսևորել են անհնազանդություն, առողջության համար ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն են գործադրել ոստիկանների նկատամբ` իրենց ձեռքին ունեցած` Շ. Հարությունյանի կողմից նախապես տրամադրված փայտյա մահակներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին և քարերով լիցքավորված բոցավառվող ինքնաշեն պայթուցիկ փաթեթներ նետել վերջիններիս ոտքերի տակ»:
Ա. Գրիգորյանը դեռևս զինվորական ծառայության ընթացքում ձեռք է բերել շիզոֆրենիա, պարանոիդ ձև հիվանդությունը, նախաքննության ընթացքում կատարված փորձաքննությամբ ճանաչվել է անմեղսունակ և նրա դեմ հարուցված քրեական գործը մասով առանձնացվել է Շանթ Հարությունյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործից:
Սույն գործով նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր նշանակել փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք Ա. Գրիգորյանը կարող է ենթարկվել արտահիվանդանոցային հարկադիր բուժման: Սույն նիստին հրապարակվեց փորձաքննության եզրափակիչ մասը, ըստ որի Ա. Գրիգորյանը ռեմիսիայի շրջանում է գտնվում, վտանգ չի ներկայացնում հասարակության համար և ունի արտահիվանդանոցային հարկադիր բուժման կարիք:
Դատաքննության ընթացքում հարցաքննվեցին գործով տուժող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ գումարտակի աշխատակից Ազատ Հովսեփյանը և գործով որպես վկա ներգրավված ՀՀ ոստիկանության երեք աշխատակից: Տուժողի հարցաքննության ընթացքում պարզվեց, որ ամբաստանյալ Ա. Գրիգորյանն իրեն քաշքշել և հրել է, երբ ինքը փորձել է բերման ենթարկել երթի մասնակից Ավետիս Ավետիսյանին:
Հարցաքննվող վկաներից մեկը տեսել էր, որ Ա. Գրիգորյանը պայթուցիկներ է նետել տուժողի ուղղությամբ: Ընդ որում, պարզվեց, որ վերջինս նախաքննության ընթացքում տրված իր ցուցմունքում հայտնել էր, որ 2013 թ. նոյեմբերի 5-ին ինքն է Ա. Գրիգորյանին բերման ենթարկել ոստիկանության բաժին, չնայած այն հանգամանքին, որ դատաքննության ընթացքում համոզվածություն հայտնեց, ու ինքը չի Ա. Գրիգորյանին բերման ենթարկել ոստիկանություն:
Ա. Գրիգորյանը հայտարարեց, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու ցանկություն չի ունեցել, իսկ քաշքշելը կամ հարվածելը անզգուշության հետևանք են, հակառակ պարագայում, եթե վնասելու ցանկություն ունենար, կօգտագործեր իր մոտ գտնվող մահակը, ինչը սակայն չի օգտագործվել իր կողմից:
Ա. Գրիգորյանի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Լյուդվիգ Ավետիսյանը կարծիք հայտնեց փորձագիտական եզրակացության վերաբերյալ, նշեց, որ իր պաշտպանյալը բնավորությամբ հանգիստ անձնավորություն է, վտանգ չի ներկայացնում իր և հասարակության համար և նշեց, որ վերջինս կարող է շարունակել հարկադիր բուժում ստանալ արտահիվանդանոցային պայմաններում:
Գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը, ով պաշտպանում է մեղադրանքը նաև Շանթ Հարությունյանի և մյուսների դեմ գործով, միջնորդեց Անուշավան Գրիգորյանի նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց և փոխել հսկողության տեսակը՝ նրան ենթարկելով արտահիվանդանոցային բուժման:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ժամեր անց նախագահող դատավոր Գ. Պողոսյանը հրապարակեց Ա. Գրիգորյանին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու մասին որոշում, որով որոշվել էր փոխել Ա. Գրիգորյանի նկատմամբ կիրառված հսկողության տեսակը՝ նրան հանձնելով օրինական ներկայացուցչի հսկողությանը:
Ա. Գրիգորյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: